Մատչելիության հղումներ

Գյումրիում գործազուրկների թիվը առկա աշխատատեղերից 40 անգամ մեծ է


Գյումրի քաղաքի համայնապատկեր, արխիվ

Գյումրին գործազրկության ցուցանիշով տասնամյակներ շարունակ առաջատար դիրքերում է: Այս տարի ևս բացառություն չէ՝ առաջին տեղից իր դիրքը ոչ մի քաղաքի չի զիջել: Վերջին տարիներին գործատուն ու աշխատանք փնտրողն իրար գտնում են աշխատանքի տոնավաճառում: Այս տարի մարզի 36 գործատու 380 թափուր աշխատատեղ է առաջարկում գործազուրկներին:

Իսկ աշխատանք փնտրողների թիվը, պաշտոնական տվյալներով, շուրջ 40 անգամ մեծ է թափուր աշխատատեղերի թվից։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ են առաջարկում գործատուները, նրանցից մեկը պատասխանեց. «Մասնագետներ են պետք մեզ դռների և պատուհանների պատրաստման համար»։

«Թափուր աշխատատեղ մենք ներկայացրել ենք հինգ հյուսն ենք ներկայացրել, բետոնագործ ենք ներկայացրել հինգ հոգի, բայց եթե նորմալ բրիգադներ լինեն, ավելի լավ, ավելի լավ աշխատողներ կլինեն», - ասաց մեկ այլ գործատու։

Գյումրիում աշխատանք գտնելը բավականին դժվար է: Գործազուրկը տաղավարից տաղավար է շրջում փորձում գտնել այն աշխատանքը, որին կհամապատասխանի իր մասնագիտական հմտությունները: Շատերն, իհարկե, այդպես էլ հարմար աշխատանք չեն գտնում:

«Ես նկարիչ մոդելավորող եմ, հագուստի դիզայներ, բայց կցանկանայի նաև այլ ոլորտներով հետաքրքրվել», - ասաց տոնավաճառին ներկա գտնվողներից մեկը։

«Երեք տարի զբաղվածության կենտրոնում գրանցված էի, պահակի գործ էի [փնտրում], չկա, նորից ման եմ գալիս։ Գոնե մի գործ ճարեմ, որ կարանանք ապրենք», - ասաց մեկ այլ աշխատանք փնտրող։

Զբաղվածության Շիրակի տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանն ասում է, որ աշխատանքի տոնավաճառները բավականին արդյունավետ են և շատերը հենց այստեղ են աշխատանք գտնում: Ամեն դեպքում մարզում կան աշխատատեղեր, որոնք տարիներ շարունակ չի հաջողվում համալրել: Օրինակ՝ գյուղական համայնքներում կան բժիշկների ու մանկավարժների թափուր տեղեր:

«Դե բժիշկները հասկանալի պատճառներով, որ ռեսուրսներն են քիչ, եղած ուսանողները էսօր շատերը գնում են և Երևանից հետ չեն վերադառնում, Երևանը կենտրոնացված է բոլոր ռեսուրսներով։ Բժիշկների առումով դա կարող եմ ասել, իսկ մանկավարժները, որ ավելի շատ հեռավոր գյուղերը տրանսպորտի որոշակի դժվարությունների պատճառով, նաև աշխատավարձը կնշեի», - ասաց Ադամյանը։

Կառավարությունը մի ծրագիր է իրականացնում, որը, պաշտոնյաների գնահատմամբ, թույլ կտա տարիներով թափուր աշխատատեղերը համալրել:

«Այլ վայրում աշխատանք գտնելու աջակցության ծրագիրը լուրջ ռեսուրս է, որը կարող ենք օգտագործել և այս ծրագրով մարդիկ տեղափոխենք այլ վայրեր։ Այսինքն մենք երկու տարի տան վարձ, կոմունալ ծախսեր ենք փոխհատուցում մարդկանց, իսկ դա քիչ չի։ Մեկ տարի մենք միայն աշխատավարձն են հավելավճարով տալիս և մարդը ունի հնարավորություն, իհարկե, երեք տարվա պայմանագիր ունենալու դեպքում պետության կողմից ստանալու լուրջ աջակցություն», - նշեց Ամալյա Ադամյանը

Աշխատանքի հիմնական առաջարկը սպասարկման ոլորտն է: Նկատելի, որ վերջին 3 տարվա ընթացքում գործազուրկների բանակը երիտասարդացել է, կրկին գերակշռող մասը կանայք են:

Աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարի տեղակալ Արտակ Ուդումյանից հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք կառավարությունում քայլեր ձեռնարկում են Երևանի ու մարզերի միջև աշխատանքի վարձատրման հարցում, այսպես ասած, խտրական մոտեցման դեմ: Նույն աշխատանքը նույն ընկերությունում Երևանում ավելի բարձր է վարձատրվում, քան մարզերում:

«Վերջերս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրինագիծ է առաջ քաշել նվազագույն աշխատավարձի բարձրացման, և մենք շուտով կմտնենք պարլամենտ 55 հազար նվազագույն աշխատավարձը 63 կամ 68 հազար բարձրացնելու նպատակով», - պատասխանեց Արտակ Ուդումյանը։

Վերջերս Գյումրիի «Սաստեքս» ընկությունում աշխատակիցների բողոքից պարզ դարձավ, որ գործատուները շատ հաճախ նույնիսկ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը չեն վճարում աշխատակիցներին:

XS
SM
MD
LG