Մատչելիության հղումներ

«Արման Բաբաջանյանի վերջին ելույթներից վստահություն ունեմ՝ Աժ-ում կա 131 վատ պատգամավոր և մեկ սուրբ»․ իշխանական պատգամավոր


Արման Բաբաջանյան (ձ) և Մխիթար Հայրապետյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որը նախատեսվում է ձևավորել մինչև տարեվերջ, թեկնածու կարող են առաջադրել նաև ընդդիմադիր խմբակցությունները:

Թեկնածու առաջադրելու հնարավորություն ընդդիմությունը կունանա նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության և հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովներում:

Ինքնավար մարմիններում այս փոփոխությունները նախատեսող նախագծերը խորհրդարանն այսօր քննարկում էր երկրորդ ընթերցմամբ: Նախկինում վերջին երկու հանձնաժողովների նախագահների և անդամների թափուր պաշտոններում թեկնածու վարչապետն էր առաջադրում, խորհրդարանը՝ ընտրում:

Փոփոխությունները ներկայացրեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը․ - «Ընդդիմադիր ֆրակցիային Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեպքում տրվում է հինգ անդամից երկու թեկնածու առաջադրելու իրավունք: Եվ ըստ էության ստացվում է երկու ընդդիմադիր ֆրակցիաների թեկնածություն, մկեը՝ կառավարող ֆրանկցիա, մեկը՝ կառավարություն ե մեկը՝ Բարձրագույն դատական խորհուրդ: Ըստ էության, ես ուզում եմ ֆիքսենք, որ սա հնարավոր տարբերակ է, որ կառավարող քաղաքական ուժը որևէ վերահսկողություն չունենա որ միայն ընթացիկ գործունեության առումով, այլ նույնիսկ կազմի ձևավորման հարցում»:

Փոփոխություններից մեկն էլ այն է, որ կառավարությունը չի առաջադրի այս հանձնաժողովների նախագահի թեկնածուներին: Մշակված տարբերակով՝ հանձնաժողովի անդամներն իրենց կազմից կընտրեն նախագահ: Սա, Միրզոյանի խոսքով, ժողովրդավարական ձեռքբերում է կառույցի անկախության տեսանկյունից․ - «Եթե կառավարող ֆրակցիան, ընդդիմադիր ֆրակցիաները առաջադրեն թեկնածութոյւններ, և նրանք ընտրվեն, դառնան այս կառույցի անդամ, այս ֆրակցիաները, քաղաքական ուժերը չեն կարողանա ճնշում գործադրել իրենց ներկայացրած և ընտրված հանձնաժողովի անդամների վրա՝ պարտադրելով իրենց հաճելի գործունեություն, որովհետև չեն ունենա հետկանչի հնարավորությունը: Ազգային ժողովը կարող է նոր թեկնածություն առաջադրել և ընտրել միայն այդ հանձնաժողովի անդամների ընդհանուր եզրակացության հիման վրա»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գոհ էր փոփոխություններից և հայտարարեց, որ կողմ են քվեարկելու այս նախագծերին․ - ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր առաջարկ առ այն, որ ընդդիմության ներկայացուցիչներից ևս պետք է լինեն մեկական ներկայացուցիչներ: Առաջարկը ընդունվել է նախագծի հեղինակի կողմից»:

Այս փոփոխություններից դժգոհ էր անցած շաբաթ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը․ - «Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի խայտառակություն է, որովհետև որևէ հիմնավորում չկա, թե ինչու է հանվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային կարգը և առաջարկվել մի տարբերակ, որը ըստ էության քաղաքականացնում է հանձնաժողովի ամբողջ կազմը և վտանգում հանձնաժողովի անկախությունն ու անաչառ մասնագիտական գործունեությունը»:

«Իմ քայլից» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը մեկշաբաթյա անկախ պատգամավոր Բաբաջանյանին մեղադրեց երկակի ստանդարտներ կիրառելու համար: Հետաքրքրվեց, թե ինչու այս գնահատականները չէր հնչեցրել նախագծերի առաջին ընթերցման քննարկման փուլում․ - «Ասում եք խայտառակություն է տեղի ունեցածը, դավադրություն է հայ ժողովրդի ու պետականության նկատմամբ, մինչդեռ այդ առաջարկները երբ որ առաջին ընթերցման ժամանակ այս դավադիր խմբակցությունը ներկայացնում էր և մյուս դավաճանները ընդունում էին, դեռևս հանդես էիք գալիս որպես խմբակցության անդամ: Բա էդքան սկզբունքային պատգամավոր ու պետական գործիչ էի՞ք, առաջին ընթերցման ժամանակ այս ամբիոնը օգտագործեիք, ասեիք՝ էս ի՞նչ եք ասում»:

Նախագծերի քննարկումն ավարտվեց, սակայն այսօր քվեարկության չդրվեցին:


XS
SM
MD
LG