Մատչելիության հղումներ

«Իսկապես դասագրքային մակարդակով կջոկվեն՝ ովքեր էին հերոսները, ովքեր՝ չար տղաները»․ Արամ Մանուկյան


«Իսկապես դասագրքային մակարդակով կջոկվեն՝ ովքեր էին հերոսները, ովքեր էին չար տղաները», - ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։

«Արդարադատություն կիրականանա, և ինչպես Քոչարյանն ասաց, իսկապես դասագրքային մակարդակով կջոկվեն՝ ովքեր էին հերոսները, ովքեր էին չար տղաները, որոնք պետական իշխանությունն օգտագործելով, բանակ օգտագործելով սեփական ժողովրդի վրա կրակեցին, հարյուրավոր մարդիկ բանտերում հայտնվեցին, հարյուրավոր, հազարավոր մարդիկ տուժեցին, արտագաղթեցին և ունեցանք զոհեր», - նշեց Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ սա հայ ժողովրդի արժանապատվության խնդիրն է՝ հավելելով. «Սա պատմական իրադարձություն է, երբ հայ ժողովուրդը իրանից պիտի թոթափի այդ խարանը, պետք է պատժի նրանց, ովքեր ոճիր են իրագործել։ Այստեղ նստած են ոճրագործներ՝ ոճիր հայ ժողովրդի նկատմամբ, ոճիր հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, ոճիր հայ ժողովրդի և պետության զարգացման նկատմամբ»։

«Մարտի 1-ն ինձ համար իրավական գործընթաց չէ։ Ես մասնակիցն ու վկան եմ եղել, որ մեր ժողովուրդը 20 տարի ետ ընկավ այդ օրվա ոճրագործության արդյունքում, որ այդ օրվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գնդակահարեց ժողովրդին», - ասաց Արամ Մանուկյանը։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը։

Քոչարյանը դատական նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց, մասնավորապես, որ այս քրեական գործը նշվելու է դասագրքերում և ունենալու է իր բացասական և դրական հերոսները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG