Մատչելիության հղումներ

Կրեմլի նախկին աշխատակիցը, ով ենթադրաբար ԿՀՎ-ի լրտես է, «հեռացել է անհայտ ուղղությամբ»


Վիրջինիա նահանգի Ստաֆորդ քաղաքում գտնվող այս առանձնատունը ենթադրաբար պատկանում է Սմոլենկովներին:
Վիրջինիա նահանգի Ստաֆորդ քաղաքում գտնվող այս առանձնատունը ենթադրաբար պատկանում է Սմոլենկովներին:

Կրեմլի երբեմնի աշխատակիցը, ով, ըստ ռուսական ու ամերիկյան լրատվամիջոցների, հավաքագրվել էր Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից, գիշերով լքել է իր ամերիկյան առանձնատունը և հեռացել անհայտ ուղղությամբ: Նրա որպիսության մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Լրտեսական թրիլեր հիշեցնող այս պատմությունը բացահայտվեց շաբաթասկզբին, երբ ամերիկյան միանգամից մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով հետախուզության իրենց աղբյուրներին, հաղորդեցին՝ հատուկ ծառայությունները Ռուսաստանի նախագահ Պուտինի մերձավոր շրջապատում ներդրված մարդ են ունեցել, ով տարիներ շարունակ արժեքավոր տեղեկություններ է փոխանցել Վաշինգտոնին:

Ռուսաստանյան «Կոմերսանտ»-ն ավելի ուշ անգամ անուն ազգանուն հրապարակեց՝ պնդելով, թե ենթադրյալ գործակալը եղել է Պուտինի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության աշխատակից Օլեգ Սմոլենկովը, ով, ըստ լրատվամիջոցների, անհետացել էր 2017-ի ամռանը, երբ ընտանիքի հետ մեկնել էր Չեռնոգորիա՝ հանգստանալու:

Ռուսաստանցի քննիչները նույնիսկ քրեական գործ էին հարուցել հնարավոր սպանության հոդվածով, որը, ի դեպ, մինչև օրս կարճված չէ: Իրականում, ըստ լրատվամիջոցների, ամերիկյան կողմը հատուկ գործողությամբ Սմոլենկովին ու նրա ընտանիքի անդամներին տարհանել էր Ռուսաստանից՝ զգուշանալով նրանց կյանքի համար:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Պուտինի աշխատակազմում տարիներ առաջ նման անուն-ազգանունով պաշտոնյա է եղել, և միաժամանակ հավաստիացրել, թե նա արժեքավոր տեղեկությունների չի տիրապատել․ - «Օլեգ Սմոլենկովը իսկապես աշխատել է նախագահի աշխատակազմում, սակայն տարիներ առաջ հեռացվել է՝ ներքին հրամանով: Սմոլենկովը բարձր պաշտոն չէր զբաղեցնում և ուղղակի շփում չուներ նախագահի հետ»:

New York Times-ը, մինչդեռ, հղում անելով իր աղբյուրներին գրել էր, թե Ռուսաստանից տարհանված այս լրտեսը եղել է տեղում ամերիկյան հետախուզության ամենալուրջ աղբյուրը վերջին տարիներին: Ըստ լրատվամիջոցների, հենց նա է պատմել ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին միջամտելու՝ Կրեմլի փորձերի մասին, հենց Սմոլենկովն է տեղեկություններ փոխանցել, ըստ որոնց, նախագահ Պուտինն անձամբ է հրահանգել կոտրել Դեմոկրատական կուսակացության էլեկտրոնային հասցեն:

Պուտինի խոսնակը երեկ այս տեղեկությունները «քրեական ընթերցվածք» էր որակել: Պեսկովը, սակայն, այդպես էլ չէր հստակեցրել, թե ինչու կամ ինչ հիմնավորմամբ է Կրեմլը Օլեգ Սմոլենկովին երկարամյա աշխատանքից ազատել:

Մինչ պաշտոնական Մոսկվան հերքում էր, լրատվամիջոցները նորանոր մանրամասներ էին բացահայտում Նահանգներ տեղափոխված նախկին պաշտոնյայի մասին: Ամերիկյան NBC-ն Սմոլենկովի բնակության հասցեն էր պարզել՝ մայրաքաղաք Վաշինգտոնից քիչ հեռու, Վիրջինիա նահանգ, Ստաֆորդ ավան, ավելի քան 700 քառակուսի մետրանոց մի առանձնատուն, որի արժեքը գնահատվում է 925 հազար դոլար:

Երեկ այնտեղ է եղել նաև «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Թոդդ Փրինսը: Նրա հաղորդմամբ, իր այցելության պահին եռահարկ տանը որևէ մեկը չի եղել, համենայնդեպս, դռան զանգին որևէ մեկը չի արձագանքել, պատուհանները փակված են եղել հաստ վարագույրով:

«Ազատության» թղթակցին հաջողվել է զրուցել Սմոլենկովների հարևանների հետ: Նրանցից մեկը պնդել է, թե իր տեղեկություններով շքեղ առանձնատանը մեկ տարուց ավելի է ռուսներ են ապրում: Հարևանը նաև պնդել է, թե ընտանիքը՝ երեք երեխաների հետ, սեպտեմբերի 9-ի գիշերը լքել է առանձնատունը: Թե ուր են գնացել՝ հարևանը տեղյակ չի եղել:

Հատկանշական է, որ Սմոլենկովները հեռացել են ճիշտ այն օրը, երբ լրատվամիջոցներում հրապարակվեցին այս պատմության առաջին մանրամասները: «Դատելով կենսագրությունից՝ Սմոլենկովը կարող էր շատ կարևոր և գաղտնի տեղելությունների տիրապետել», - «Ազատության» «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստածրագրին ասել է «Կոմերսանտ»-ի թղթակից Ելենա Չեռնենկոն․ - «Մինչև Նահանգներ տեղափոխվելը նա աշխատել է նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչությունում և տարիներ շարունակ համագործակցել Յուրի Ուշակովի՝ արտաքին հարցերով նախագահի ներկայիս օգնականի հետ: Ամերիկյան բոլոր լրատվամիջոցները պնդում են, որ Սմոլենկովը հատուկ ծառայությունների համար առավել կարևոր աղբյուրներից մեկն է եղել: Զարմանալի է, թե այդ դեպքում ինչու է նա Նահանգներում ապրել իր սեփական անուն-ազգանունով, առանց արտաքինն ու ինքնությունը փոխելու»:

BBC-ն, անդրադառնալով այս հարցին՝ փաստում է, որ լրտեսներից շատերն են այդ քայլին դիմել:

«Վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև չգրված օրենք էր սահմանվել, ըստ որի հատուկ ծառայությունները մեկը մյուսի տարածքում «ակտիվ գործողություններ» չէին իրականացնում լրտեսներին ֆիզիկապես ոչնչացնելու ուղղությամբ», - ասել է Հետախուզական ծառայությունների եվրոպական ակադեմիայի փոխտնօրեն, պրոֆեսոր Ջոզեֆ Ֆիտսանակիսը:

Փորձագետը միաժամանակ փաստել է, որ բոլոր այս «չգրված պայմանավորվածությունները» հօդս ցնդեցին անցած տարի, երբ Բրիտանիայի տարածքում նյարդապարալիտիկ նյութով թունավորվեց ռուս նախկին գնդապետ Յուրի Սկրիպալը, ում ավելի վաղ ռուսաստանյան դատարանը մեղավոր էր ճանաչել բրիտանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար:

XS
SM
MD
LG