Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հետ համատեղ պարեկախմբերի ստեղծումից հետո էլ Թուրքիան դժգոհ է Սիրիայի հյուսիսում իրավիճակից


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը շարունակում է դժգոհություն առաջացնել թուրքական իշխանությունների մոտ անգամ ամերիկացիների հետ համատեղ պարեկային խմբերի ստեղծումից հետո: Այդ մասին երեքշաբթի օրը Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Այո, որոշ համատեղ պարեկային խմբեր արդեն իսկ գոյություն ունեն, սակայն ձեռնարկվող մյուս բոլոր քայլերը կոսմետիկ բնույթ են կրում: Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները խնդրի լուծումը ձգձգելուն միտված քայլեր է ձեռնարկում՝ փորձելով այնպես անել, որ Թուրքիան համակերպվի դրանց», - նշում էր Չավուշօղլուն:

Թուրք-ամերիկյան համատեղ պարեկային խմբերը սկսեցին գործել կիրակի օրը: Թուրքական բանակի մի շարք ստորաբաժանումներ անցած շաբաթավերջին հատեցին Սիրիայի հետ սահմանը` միանալով Թել-Աբյադ քաղաքի մերձակայքում տեղակայված ամերիկյան ուժերին: Թուրքական կողմի համոզմամբ՝ համատեղ պարեկության իրականացումը պետք է առաջին քայլը լինի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանի երկայնքով լիարժեք անվտանգության գոտիներ ստեղծելու ուղղությամբ: Անկարայում պնդում են, որ այդ գոտիների ստեղծումը հնարավորություն կտա կանխել սիրիացի փախստականների նոր հոսքը դեպի Թուրքիա:

«Մեր երկիրը չի կարողանա Սիրիայից փախստականների ևս մեկ հոսքի դիմակայել: Վերջին շրջանում Իդլիբում ակտիվացած հարձակումները, սակայն, նման ռիսկ են պարունակում: Փախստականների խնդրի միակ հարատև լուծումը Սիրիայի տարածքում ահաբեկիչներից ազատագրված գոտիների ստեղծումն է», - նախօրեին, Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ուիլբուր Ռոսի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Ուշագրավ է, որ նույն օրերին, երբ Անկարայում էր գտնվում ԱՄՆ առևտրի նախարարի ղեկավարած պատվիրակությունը, իսկ Սիրիայում ամերիկացի և թուրք զինվորականները համատեղ հերթապահություն են սկսում իրականացնել, Վաշինգտոնում կրկին խոսում էին Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին: Այս մասին շաբաթասկզբին Վաշինգտոնում հայտարարում էր Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը` նշելով, որ պատժամիջոցները կարող են Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատասխանը դառնալ:

«Մենք դիտարկում ենք պատժամիջոցների հարցը, սակայն այս պահին ես չէի ցանկանա կոնկրետ որևէ որոշման մասին մեկնաբանությամբ հանդես գալ», - նշում էր ԱՄՆ ֆինանսների նախարարը:

XS
SM
MD
LG