Մատչելիության հղումներ

Ալիևի կուսակիցներն ընդդիմադիրների են «գնում»


Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզով, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզով, արխիվ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը, որը Արևմուտքին պարբերաբար մեղադրում է ադրբեջանական ընդդիմությանը ֆինանսավորելու մեջ՝ իշխանությունը տապալելու նպատակով, խոստովանում է, որ ինքն է ֆինանսավորում ընդդիմությանը:

Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության որոշ պատգամավորներ այս օրերին հանդես են գալիս հայտարարություններով՝ պատմելով, որ ընդդիմադիրների են «գնել», սակայն չհստակեցնելով նման պնդումների նպատակը:

Այդ մասին նախ հայտարարել է իշխող ուժի առաջատար անդամներից Սիյավուշ Նովրուզովը: «Մենք հստակ ցուցակներ ունենք», - վստահեցրել է իշխող խմբակցության պատգամավորը՝ առանց անուններ հնչեցնելու:

Ուշագրավ է, որ Նովրուզովի այս հայտարարությունը հրապարակել են մի շարք իշխանամետ լրատվամիջոցներ, սակայն իշխող կուսակցության պաշտոնական կայքէջում նրա ելույթը չի տեղադրվել:

Սիյավուշ Նովրուզովի հայտարարությանը հաջորդել է նրա կուսակից պատգամավոր Էլդար Իբրահիմովի հայտարարությունը: Իշխանական այս պատգամավորը նույնպես հաստատել է՝ «գնել են» ընդդիմադիրների, սակայն նրանցից շատերը այդպես էլ չեն ծառայել պետական շահերին:

«Ոմանք անցել են մեր կողմը հանուն փողի և մանդատի, բայց պետք է ասեմ, որ թշնամին չի կարող ընկեր դառնալ, եթե թշնամին ներս է մտնում, միևնույն է՝ մի օր նա իր թշնամանքը ցույց կտա: Այնպես որ, մեզ նման ընկերություն պետք չէ», - հայտարարել է Իբրահիմովը, որն իշխող ուժի հիմնադիրներից է:

Նախագահ Ալիևի կուսակիցների այս հայտարարությունները բուռն արձագանք են գտել երկրում, նշում է «Թուրան» լրատվական գործակալությունը և հավելում, որ մարդիկ փորձում են կռահել, թե հատկապես ում մասին են խոսում իշխանությունները:

Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը շտապել է հայտարարել, որ իշխող կուսակցության պատգամավորների պնդումները ընդամենը նրանց սեփական տեսակետն է և որևէ կերպ չեն արտացոլում «Ենի Ազերբայջան»-ի պաշտոնական տեսակետը:

Ընդդիմադիրներին «գնելու» մասին պնդումը Հասանովը այլ կերպ է մեկնաբանում՝ «իշխանությունները միշտ էլ բաց են երկխոսության համար և չեն թաքցրել, որ պատրաստ են համագործակցության»: «Կառավարությունը իր քաղաքական ընդդիմախոսներին թշնամի չի համարում և հնարավոր է համարում նրանց հետ համագործակցությունը համազգային հարցերի շուրջ», - հայտարարել է Ալիևի օգնականը:

Բուն կառավարությունում, սակայն, ընդդիմության գործունեության հետ կապված գնահատականները միանգամայն տարբեր են:

Երկրի փոխվարչապետ Ալի Ահմեդովն ընդդիմության գործունեությունը նողկալի է համարում, մասնավորապես՝ «երբ այդ ուժերը ջանասիրաբար իդեալականացնում են Հայաստանը՝ այդպիսով ստվեր նետելով Ադրբեջանի իրողությունների վրա»:

«Այդ ամենը նողկանք է առաջացնում Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու մոտ: Նրանք փորձում են Հայաստանը այլ կերպ ներկայացնել, փորձում են ադրբեջանական հասարակության շրջանում կառավարության քաղաքականության նկատմամբ անվստահություն ստեղծել, նրանք երկակի քարոզչություն են իրականացնում, որը նախատեսված է Ադրբեջանից դուրս լսարանի համար, որպեսզի հարված հասցնեն մեր կառավարության հեղինակությանը: Չի բացառվում, որ ընդդիմությունը հայտնվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների ազդեցության տակ», - հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG