Մատչելիության հղումներ

Մոլդովան 70 դոլարի զեղչով գազ կստանա Ռուսաստանից


Մոլդովայի և Ռուսաստանի նախագահներ Իգոր Դոդոնը և Վլադիմիր Պուտինը: Մոսկվա, Կրեմլ, 7 սեպտեմբերի, 2019թ.
Մոլդովայի և Ռուսաստանի նախագահներ Իգոր Դոդոնը և Վլադիմիր Պուտինը: Մոսկվա, Կրեմլ, 7 սեպտեմբերի, 2019թ.

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը երեկ հայտնել է, որ Ռուսաստանը լուրջ զեղչ է տալու բնական գազի համար:

Անցած շաբաթ Դոնոդը Կրեմլում բանակցել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հանդիպումից հետո մոլդովացի տնտեսագետներն ասել են, որ Քիշնևը սակագնի էական իջեցում է ակնկալում, սակայն կոնկրետ թվեր չեն նշվել:

Երեկ Դոնոնն ասել է, որ այս տարվա հոկտեմբերից Մոլդովայի համար զեղչը կլինի 10-15 դոլար հազար խորանարդ մետրի համար, հունվարից այն կկազմի 45-50 դոլար, իսկ արդեն 2020 թվականի ապիլից զեղչը կլինի 70 դոլար:

Մոլդովան բնական վառելիքը «Գազպրոմ»-ից գնում է 2008 թվականին կնքված պայմանագրով, որի համաձայն, հազար խորանարդ մետրի գինը կապված է միջազգային շուկաներում գազի գնի տատանումների հետ:

Այսօրվա դրությամբ Մոլդովայի համար գինը՝ 235 դոլար է (հազար խորանարդ մետրի) համար:

Խոսքը, բնականաբար, սահմանին ստացվող գազի գնի մասին է: Բուն Մոլդովայում շարքային սպառողը հազար խորանարդ մետր գազի համար վճարում է մոտ 261 դոլար: Այդ սակագինը սահմանում է Մոլդովայի էներգետիկայի ազգային վարչությունը:

Պայմանագրի գործողության ժամկետը կավարտվի այս տարեվերջին, և հենց դա է ընձեռել նոր գնի շուրջ բանակցելու հնարավորություն:

Եվրոպայում բնական գազի սակագինն իջել է և հիմա ամենացածրն է անցած տասնամյակում: Դա բացատրվում է, մի կողմից, նվազ պահանջարկով և, մյուս կողմից, Ամերիկայից ստացվող հեղուկ գազի ծավալի աճով:

Սեպտեմբերի 7-ին Կրեմլում Պուտինից հետ բանակցելուց հետո Դոդոնը Ֆեյսբուքում գրել է, թե այս տարվա հոկտեմբերի 1-ից ռուսական գազի սակագինը կիջեցվի:

Ռուսական գազը Մոլդովա է փոխադրվում Ուկրաինայի տարածքով: Ավելի վաղ Դոդոնը մտահոգություն է հայտնել, որ 2020 թվականի հունվարից այդ տրանզիտը կարող է փակվել:

«Մենք գազի մատակարարման հարցում եկել ենք սկզբունքային համաձայնության առ այն, որ գինը սպառողների համար չի աճի», - Պուտինի հետ զրույցից հետո ասել է Դոդոնը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Քիշնևը և Մոսկվան դեռ պետք է համաձայնեցնեն այս հարցի հետ առնչվող մի շարք հանգամանքներ:

Մոսկվան և Քիշնևը գազի տրանզիտի երեք տարբերակ են քննարկում, սակայն Դոդոնը հրաժարվում է ավելի կոնկրետ խոսել դրանց մասին:

«Մի բան է հաստատ, ես համոզված եմ, որ մենք գազ կունենանք 2020 թվականին», - հավաստիացրել է Իգոր Դոդոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG