Մատչելիության հղումներ

Կամերային նվագախումբը համերգաշրջանը կբացի հայ-իտալական ծրագրով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, կբացի իր 2019-20 թվականների համերգաշրջանը՝ ներկայացնելով հայ-իտալական ծրագիր, որը նախաձեռնել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ: Համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա Իտալիայից ժամանած դիրիժոր Մարիո Լեոտտայի ղեկավարությամբ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը նշեց. «Սա մեր նվագախմբի 2019-20 թվականների համերգաշրջանի բացման համերգն է, և շատ ուրախ եմ, որ նման կերպ ենք սկսում մեր համերգաշրջանը, բավական հետաքրքիր համերգով։ Ոչ միայն երաժշտություն է հնչելու, այլև ունենալու ենք վիզուալ պատկերներ Remix Portraits կոչված նախագծով։ Ասեմ, որ ծրագիրը ընտրվել և մշակվել է ոչ միայն նվագախմբի կողմից, այլև եղել են առաջարկներ և՛ դիրիժորի, և՛ մենակատարի կողմից, և համախառն արդյունքում, այսպես ասած, ստացել ենք այն ծրագիրը, որը ներկայացնելու ենք սեպտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ամբողջ համերգի ընթացքում հանդիսատեսին մատուցվելու է բարձրաճաշակ և հայտնի երաժշտություն»։

Որպես մենակատար համերգի ընթացքում ելույթ կունենա իտալացի հանրաճանաչ սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին: Նա, ի դեպ, առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել 2010 թվականին, և սա նրա երկրորդ համերգն է Կամերային նվագախմբի հետ:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի այս համերգաշրջանի առաջին համերգին կհնչեն Վերդիի, Ռոսիինիի, Ռոտայի, Պիացցոլայի և այլ հանրահայտ իտալացի կոմպոզիտորների գործեր, բայց, ինչպես ասում են, սա դեռ ամենը չէ: Ամբողջ երեկոյի ընթացքում տեսաէկրաններին մեր երաժշտասերների համար Remix Portraits խորագրի ներքո կներկայացվի նաև ինստալիացիոն ցուցադրություն, որի հեղինակն է իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Ֆրանց Չերամին։

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտեց, որ դեսպանատունը մշտապես հանդես է գալիս ամենատարբեր մշակութային ձեռնարկներով, այսպիսով է՛լ ավելի ամրապնդելով հայ-իտալական դարերի խորքից եկող կապերն ու առնչությունները:

«Այս երեկոն շատ մեծ նշանակություն ունի։ Ցանկանում եմ նշել, որ հաճախ են նշում հայ և իտալացի ժողովուրդների նմանությունների, հին ժողովուրդներ լինելու և հարուստ մշակութային ժառանգություն ունենալու մասին, և այդ ամենը ուղղակի չի ասվում, դա իրականությանը համապատասխանում է, և դրա փաստերից մեկն էլ այսօրվա մշակութային կապն է Հայաստանի և Իտալիայի միջև», - նշեց Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանը։

Դեսպանը շեշտեց նաև, որ իտալացի հանրահայտ արվեստագետ Ֆրանց Չերամին վերջին օրերին անչափ մեծ աշխատանք է կատարել ներկայացնելու հայ հանդիսատեսին իր ինստալիացիոն ցուցադրությունը, վերջինս էլ հավաստիացրեց, որ շատ մեծ, յուրահատուկ պատասխանատվությամբ է աշխատել՝ առաջին անգամ Հայաստանում ներկայացնելու իր ստեղծագործությունը: Սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին էլ ընդգծեց, որ անհերքելի է հայերի և իտալացիների նմանությունը, և այստեղ՝ Հայաստանում դեռ տարիներ առաջ ինքը հիացել է ունկնդրի բարձր մակարդակով ու այս անգամ էլ մեծ հաճույքով է ընդունել համերգին մասնակցության հրավերը:

Համերգը ղեկավարելու համար Իտալիայից հատուկ հրավիրված դիրիժոր Մարիո Լեոտտան էլ շեշտեց. «Կարող եմ ասել, որ առաջին փորձի առաջին հինգ րոպեներից հետո ես նկատեցի նվագախմբի անդամների մոտ անհատական որակավորումով որպես հիանալի մասնագետների, ինչպես նաև որպես միասնական նվագախումբ, որը կարելի է համեմատել նաև մեզ մոտ՝ Իտալիայում ունեցած ամենաբարձրակարգ նվագախմբերի հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG