Ռուսաստանի «Աշուլուկ» զորավարժարանում երեկ ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությանը։
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վճռական փուլին հետևելու նպատակով զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
«Մեկնարկից հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները: Մարտական հրաձգության փուլին ներառված էին Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր, ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ: ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները: ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են ինչպես մեզ տրված, այնպես էլ դաշնակից պետությունների պայմանական թիրախները և արձանագրել գերազանց արդյունքներ», - ասված է հաղորդագրությունում:
Վճռական փուլից հետո տեղի է ունեցել զորավարժության փակման արարողությունը, որի շրջանակում մասնակից պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ են հանձնել ազգային ստորաբաժանումների զինծառայողներին: