Մատչելիության հղումներ

Sputnik-ի հետ փոխկապակցված ֆեյսբուքյան էջերը թիրախավորում են հայկական սփյուռքը․ Atlantic Council


Ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնը այսօր հրապարակած հետաքննությունում պնդում է՝ Կրեմլի խոսափողը համարվող Sputnik-ի հայկական ծառայությունը Ֆեյսբուքյան էջերի միջոցով փորձում է թիրախավորել հայկական սփյուռքը:

Կազմակերպության Digital Forensic Research Lab-ի փորձագետները փաստում են, որ Sputnik Armenia-ի աշխատակիցների հետ առնչություն ունեցող այդ էջերը հիմնականում բաղադրատոմսերի, գեղեցիկ կանանց, հայկական մշակույթի, հայկական ինքնության մասին են: Ֆեյսբուքյան այդ խմբերում, որոնք հաճախ վարում են Կրեմլի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցի հայկական ծառայության աշխատակիցներ կամ նրանց ընտանիքի անդամներ, տեղադրվում են նաև Sputnik Armenia-ի հոդվածները:

Հետաքննության հեղինակները նկատում են, որ ինչպես բովանդակությամբ, այնպես էլ ռազմավարությամբ այդ էջերը նման են Sputnik-ի նախաձեռնած մեկ այլ նախագծի, որն իրենից ներկայացնում է շուրջ երեք հարյուր ֆեյսբուքյան էջ, որոնք թիրախավորել են մերձբալթյան, Կենտրոնական Ասիայի և կովկասյան լսարանը: Սակայն փորձագետները նաև շեշտում են, որ երկու դեպքում էլ այդ էջերը կամ խմբերը զերծ են քաղաքական բովանդակությունից՝ դրանցում քաղաքական կամ գաղափարախոսական օրակարգ չկա, բայց ինչպես ենթադրում են փորձագետները՝ Sputnik-ը այդ կերպ դեռ փորձում է նախ վստահություն ձեռք բերել, իր ապրանքանիշը ճանաչելի դարձնել, սակայն դա էլ ոչ ակնհայտ, այլ թաքնված ձևով:

Ամերիկյան վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ Հետխորհրդային երկրներից Հայաստանը ամենամեծ սփյուռքն ունեցող երկիրն է․ դրսում ապրող հայերի թիվը հասնում է 11 միլիոնի, այն դեպքում, երբ Հայաստանի բնակչությունը ընդամենը երեք միլիոն է: Հայկական սփյուռքը, ինչպես նշում է Atlantic Council-ը, քաղաքականապես ակտիվ է և վճռական դերակատարում ունի երկրի տնտեսության, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման գործում:

Փորձագետների համոզմամբ, Կրեմլն այդ կերպ փորձում է սփյուռքահայերից կազմված լոյալ լսարան ստեղծել, որի միջոցով կկարողանա ազդեցություն գործել հայաստանյան հանրության, ներքին և արտաքին քաղաքականության վրա: Իսկ այն, որ այդ ցանցի բովանդակության մեծ մասը քաղաքական չէ, ենթադրվում է, որ այդ՝ այսպես կոչված «օպերացիան» դեռևս լսարանի ձևավորման նախնական փուլում է: Հետաքննության հեղինակները հիշեցնում են, որ Կրեմլյան ապատեղեկատվական արշավը հաճախ մեկնարկում է առօրյա, սովորական, ոչ գաղափարական թեմաներից՝ լայն լսարանի ուշադրությունը գրավելու համար, իսկ հետո՝ ավելի ուշ, սկսում առաջ մղել իր հիմնական քարոզչությունը:

Փորձագետները, այդուհանդերձ, հայաստանյան այդ ցանցի կողմից որոշ ակնարկներ առանձնացրել են: Sputnik Armenia-ի հետ փոխկապակցված այդ էջերում պարբերաբար շահարկվել է Հայաստանի կախյալ, թույլ պետություն լինելու և հարևան պետությունների հետ լարվածության թեման և այդ ֆոնին Ռուսաստանը ներկայացվել է որպես Հայաստանի պաշտպան: Այդ համատեքստում խմբերից մեկի համակարգողը, օրինակ, տեղադրել է հոդված այն մասին, որ ռուսաստանյան սահմանապահների շնորհիվ կանխվել է թմրանյութերի ներթափանցումը երկիր: Նույն օգտատերը նաև Երևանի աղբի մասին հոդվածով է կիսվել, որտեղ նկարագրված է աղբակույտերի մեջ թաղված մայրաքաղաքը և այդ հոդվածում կարմիր թելի պես անցնում է միտքը, որը կառավարության անզոր է ապահովել իր բնակիչների ամենահիմնական կոմունալ ծառայությունները:

Sputnik Armenia-ն, ի դեպ, վերջերս սկսել է նաև արևմտահայերենով լրատվություն հաղորդել:

Ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետները, ամփոփելով ծավալուն հետաքննությունը, եզրահանգում են, որ թեև իրենց ուսումնասիրությունները ֆեյսբուքյան կասկածելի այդ ցանցում չեն հայտնաբերել Կրեմլի կողմից ակնհայտ քարոզչական գործունեություն, սակայն ենթադրում են, որ քաղաքական լարված ժամանակաշրջանում՝ օրինակ նախընտրական փուլում, Կրեմլի քարոզչամեքենան համարվող Sputnik-ը կարող է մոբիլիզացնել իր գաղափարական քարոզչությունը և արդեն օգտագործել իրեն լոյալ այդ լսարանը հայկական սփյուռքի վրա ազդելու համար:

Վերջին տարիներին մի շարք երկրներ՝ այդ թվում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, հայտարարել են, թե Կրեմլը սոցիալական ցանցերի միջոցով փորձել է միջամտել իրենց ներքաղաքական կյանքին:

Sputnik լրատվական գործակալությունը մեդիաշուկայում սկսել է աշխատել 2014 թվականից: Sputnik-ի մուլտիմեդիա բովանդակությունն հեռարձակվում է մի քանի տասնյակ լեզուներով՝ այդ թվում անգլերեն, արաբերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն և նույնիսկ ճապոներեն լեզուներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG