Մատչելիության հղումներ

Զինված միջադեպ՝ Երևանի Անդրանիկի փողոցում. երկու մարդ վիրավորվել է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երևանի Անդրանիկի փողոցում այսօր զինված միջադեպ է տեղի ունեցել, երկու անձ վիրավորվել է: Քննչական կոմիտեի Երևանի քաղաքային վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի հատկանիշներով, քննություն է տարվում:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 19:20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.:

Նախնական տվյալներով՝ ժամը 18:50-19:00-ի սահմաններում Երևանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակահերթ է արձակել Toyota Highlander մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող երկու անձանց ուղղությամբ:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով` «սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», և 235-րդ հոդվածի («ապօրինի զենք») 1-ին մասով: Երկու անձ ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ: Առգրավվել են դեպքի պահին տուժածների հագին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատագենետիկական:

«Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG