Մատչելիության հղումներ

Էգոյանի նոր ֆիլմը՝ Վենետիկի կինոփառատոնի ֆավորիտների ցանկում


Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյան, արխիվ

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր ժապավենը Վենետիկի 76-րդ կինոփառատոնի ֆավորիտների ցանկում է: Քառամյա դադարից հետո հայազգի ռեժիսորը կինոդիտողներին է ներկայանում նոր հոգեբանական դրամայով` աշխարհի պես հին՝ հայրեր և որդիներ մշտնջենական հակամարտության թեմայով:

Էգոյանի 16-րդ ֆիլմը՝ «Պատվավոր հյուրը», պատմում է Ջիմի և նրա 20-ամյա դստեր՝ Վերոնիկայի մասին: Երիտասարդ աղջիկը երաժշտության ուսուցչուհի է, ով դասավանդում է ավագ դպրոցում և ով անարդարացիորեն մեղադրվում է աշակերտներից մեկի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: Հայրը փորձում է կալանքից ազատել դստերը, Վերոնիկան, սակայն, համառորեն մերժում է հոր ջանքերը, ցանկանալով մնալ ճաղերի ետևում: Երիտասարդ ուսուցչուհին թեև բանտում է հայտնվել չգործած հանցանքի համար, սակայն համոզված է, որ արժանի է այդ պատժին՝ անցյալի մեղքերի համար: Այս ամենին ֆոնին հայրը սկսում է վերանայել սեփական կյանքը՝ գիտակցելով, որ այն փակուղում է՝ վաղուց նպատակ չունի, իսկ աշխատանքը դադարել է որևէ ուրախություն պատճառել:

Էգոյանը, ով ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ սցենարիստն ու պրոդյուսերը, կինոնկարում բացահայտում է հոր և դստեր բազմաշերտ հարաբերություննները՝ լի գաղտնիքներով, մեղադրանքներով, հիշողություններով, ափսոսանքով:

«Պատվավոր հյուրը», մի կողմից, այն մասին է, թե ինչպես է գաղտնիքը ջրի երես դուրս գալիս, մյուս կողմից՝ մեղքի և ամոթի մասին, որոնցով համակված է մարդը:

Այս ամենը ռեժիսորը ներկայացնում է մերթ վսեմաշուք թեմաների մասին խոսակցություններով, մերթ երկարաշունչ ու ձանձրալի զրույցներով, և այդ տատանումները, ինչպես նկատում են քննադատները, հաճախ բարդացնում են կինոդիտողի գործը, բայց փոխարենը որոշ դրվագների տալիս անսպասելիության էֆեկտ:

Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Դեյվիդ Թյուիսը, ով հայտնի է «Հարի Փոթեր» ֆիլմից, և Լեյսլա դե Օլիվեյրան` լայն հանրությանը անհայտ դերասանուհի, ով նախկինում նկարահանվել է բացառապես բազմասերիանոց նախագծերում, այն էլ՝ էպիզոդներում:

Ինչ վերաբերում է Ատոմ Էգոյանին, ով վերջին անգամ հեղինակավոր մրցանակ էր ստացել 1990-ականների կեսերին, քննադատների համոզմամբ՝ այս նոր ժապավենով նա կարող է ամրապնդել իր դիրքերը և վստահորեն մրցել մյուս հսկաների հետ: Ավելի հոռետեսները, մինչդեռ, նկատում են, որ Էգոյանի երկու ֆիլմերին բաժին է հասնում մեկ գլուխգործոց, «Պատվավոր հյուրը» տատանվում է երկուսի արանքում, սակայն որոշ քննադատների կարծիքով՝ Վենետիկի փառատոնում ներկայացնելով այդ ֆիլմը՝ կանադահայ ռեժիսորը սխալ դուռ է բացել:

Իտալիայի Լիդո կղզում շարունակվող փառատոնին այս տարի ներկայացված է մրցութային 21 ֆիլմ: Էգոյանից բացի Վենետիկի փառատոնին մասնակցում է ևս մեկ հայազգի ռեժիսոր՝ Ռոբեր Գեդիգյանը՝ իր «Փառք աշխարհին» ժապավենով: Համաշխարհային կինոյի ամենահեղիանակավոր երեք կինոփառատոներից մեկի` Վենետիկի միջազգային փառատոնի այս տարվա դափնեկիրների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG