Մատչելիության հղումներ

ԵՊԲՀ աշխատակազմը պատրաստվում է դատի տալ Արսեն Թորոսյանին


Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմը պատրաստվում է դատի տալ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին վերջինիս՝ երեկ տապալված ասուլիսից հետո արած մի քանի հայտարարությունների համար:

Մանկական ուռուցքաբանության գծով նախարարության նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը երեկ տապալել էր նախարարի ասուլիսը: Թորոսյանը հայտարարել էր, թե դա արշավ է իր դեմ, իսկ կազմակերպիչը նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն է:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում թվեց դատարան ուղարկվելիք տեքստում այս պահին ընգծված մի քանի կետ․ - «Ես բառացի ցիտեմ նրան՝ ես ուզում էի փոխեի բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը, բայց ինձ չհաջողվեց: Ինչպես գիտեք, դա կառավարության լիազորությունն է, Կրթության և գիտության նախարարության: Այսօր ես լսեցի, որ որպես կառավարության անդամ ինքը իրավունք ուներ մասնակցելու լիազոր մարմնի որոշումների կայացմանը: Նորից եմ ասում՝ հստակ այդ լիազորությունը վերապահված է լիազոր մարմնին, և դա հանդիսանում է Կրթության և գիտության նախարարությունը»:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր հերթին էր երեկ հայտարարել, թե ժամանակին «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժվող զինվորների մասին խոսելիս առողջապահության նախարարն իրեն ասել է՝ «50 հոգի եղել են հաշմանդամ և 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել»:

Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Թորոսյանը նման բան չի ասել, դա բացարձակ սուտ է։ Ավելին՝ նախարարն իր պաշտոնավարման առաջին ամիսներին կենտրոնին առաջարկել է 20 միլիոն դրամի չափով պետական պատվերի պայմանագիր և մերժում է ստացել։

Դանիելյանը մեջբերեց Հանրային հեռուստաընկերության երեկվա եթերում նախարարի հարցազրույցից մի հատված․ - «Նախարարը ամեն դեպքում չհերքեց, որ ինքը կենտրոնի գումարային կայացման և նմանատիպ կենտրոն ունենալու մասով որոշակի պարզաբանումներ և խնդիրներ տեսնում է»:

Շուշան Դանիելյանը հավելեց, որ «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի ֆինանսավորման մի մասը՝ 197 միլիոն դրամը, հատկացրել է վարչապետի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը:

Առողջապահության նախարարը նշել էր, որ իր դեմ արշավը կազմակերպել է Արմեն Մուրադյանը, և, որ դա սկսվել է մեկ տարի առաջ, երբ իրենք ցանկացել են ԵՊԲՀ խորհրդի կազմը փոխել՝ հանելով այնտեղից նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: ԵՊԲՀ-ն դատարան ուղարկվելիք տեքստում նաև այս կետն է ներառել:

Ի դեպ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է նաև նախարարի երեկվա ասուլիսը տապալած Գևորգ Թամամյանը:

Արսեն Թորոսյանն այսօր պատասխանել է այս հայտարարությանը, նաև ընգծել է, թե իր դեմ կազմակերպված արշավի հեղինակներից մեկն էլ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, որի հայրը նախարարի հրամանով ազատվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից և այժմ քրեական գործով հետախուզման մեջ է:

Առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնող բժիշկ Հայկ Մանասյանն ասում է, որ նախարար Թորոսյանին սուր քննադատելու շատ բան կա: Օրինակ, ուռուցքաբանության ոլորտը պետք է նաև հատուկ ֆոնդով ֆինանսավորվեր և մտներ պարտադիր պետական ապահովագրության տակ: Մանասյանը վստահ է, որ այդ հարցերը լուծելուց հետո միայն պետք է անցնեին մյուս ոլորտներին:

Մանասյանը նաև կարծում է, որ պետությունը պետք է որոշ անվճար ծրագրեր հենց պետական հիվանդանոցներում իրականացնի, օրինակ՝ անպտղության բուժման ծրագիրը:

Հայկ Մանասյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սուր քննադատներից է, բանը հասել է նրան, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում միմյանց արգելափակել են: Մանասյանն ասում է, որ վիճակը պետք է օբյեկտիվ վերլուծել:

Նրա խոսքով, «բժշկական մաֆիան» չի ներում Արսեն Թորոսյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Միանսյանին աշխատանքից ազատելու համար․ - «Ով էս մաֆիայից չի, պիտի տրորվի-գնա: Հիմա Արսենը, որը էս մաֆիայից չի, չի ծնվել ինքը բժիշկների ընտանիքում, դարձել է Առողջապահության նախարար հեղափոխությունից հետո: Նա կաշառակեր չի և թայֆաբազարչի էլ չի: Էս ամեն ինչը վաղուց ա գալիս՝ սկսած Մինայանին հեռացնելուց: Մինասյանը բժշկական չակերտովոր մաֆիայի կնքահայրերից էր: Կնքահայրն ա ինքը հանդիսանում նույն Մուրադյան Արմենի: Հիմա եթե կնքահորը կպնում են, կպնում են նրա բոլոր սաներին: Ի՞նչ պիտի լինի, վերջ-առաջ, պիտի վրեժը լուծեր արդեն: Պախարակելու են, աշխատելու են, որպեսզի նա գործից դուրս գա: Առողջապահության ոլորտում պիտի իշխեն իրանք՝ հնուց էկած մաֆիան: Դաշտում կոնֆլիկը հին մաֆիայի ու Արսեն Թորոսյանի միջև ա: Ի դեպ, Թորոսյանը գրեթե մենակ ա ստեղ, էնպես չի, որ մեծ թիմ կա Թորոսյանի մեջքին կանգնած: Մեն-մենակ ա կռիվ անում ինքը, մեն-մենակ ա պայքարում»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG