Մատչելիության հղումներ

Արթուր Սաքունց․ Շիշկինին ապաստան տրամադրելով Հայաստանը գործել է որպես ինքնիշխան և ժողովրդավար երկիր


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Վիտալի Շիշկին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Վիտալի Շիշկինին Հայաստանում ապաստան տրամադրելն անհետևանք չի մնա հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Սաքունցի ենթադրությամբ, հետևանքները հնարավոր է արտահայտվեն հայտարարության տեսքով կամ այլ ազդեցություն ունենան երկկողմ հարաբերություններում․ - «Քաղաքական նպատակահարմարությունը հայ-ռուսական, այսպես կոչված, դաշնակցային հարաբերությունների, կարելի է ասել որևէ ազդեցություն չի ունեցել այդ որոշման վրա: Եթե ունենար, ապա նման որոշում չէր կայացվի»:.

Իրավապաշտպանը ռուս ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործչին ապաստան տրամադրելը համարձակ քայլ է համարում հայաստանյան իշխանությունների կողմից: Նրա կարծիքով, Հայաստանն այդ քայլով ներկայացել է՝ որպես ինքնիշխան ու ժողովրդավար երկիր․ - «Ամբողջովին այդ որոշումը համապատասխանում է թավշյա հեղափոխությունից հետո Հայատսանի՝ որպես ժողովրդավարական պետության իմիջին: Որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնի, Ռուսաստանի Դաշնության որևէ քաղաքացու, որ կարող է գալ ապաստան խնդրել կամ փախստականի կարգավիճակ ստանալ՝ թաքնվելով կամ խուսափելով Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետապնդումներից։

Արդեն 6 ամիս Հայաստանում բնակվող Վիտալի Շիշկինը «Ազատությանն» ասել է, թե նա հիմա Ռուսաստանում հետախուզման մեջ է, սակայն Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ իրենք Շիշկինի հանձնման վերաբերյալ որևէ միջնորդություն չեն ստացել:

Ռուս ընդդիմադիր գործիչը, ի դեպ, ենթադրել էր, թե այս ամռանը ոչ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայաստանյան հանդիպումներում քննարկել է նաև իր հարցը․ - «Բոլորովին վերջերս ինձ ասացին, որ Զախարովան Հայաստան է եկել նաև իմ հարցով՝ փորձելով այստեղ պայմանավորվել, որ ինձ փախստականի կարգավիճակ չտրամադրեն»:

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց Շիշկինի պնդումը, ասաց, որ Զախարովայի հետ հանդիպումներին նման հարց չի քննարկվել:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամ Անուշ Բեղլոյանը համոզված է, որ Շիշկինին քաղաքական ապաստան տրամադրելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, հակառակ պնդումը մանիպուլյացիոն է որակում․ - «Ես առհասարակ կցանկանայի այս իրավիճակը դիտարկել Հայաստանի կողմից վավերացված 1991 թվականի «Փախստականների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջականներում: Շատ են այն ուժերը և այն մարդիկ, որոնք միտումնավոր կամ ոչ միտումնավոր, ուղղակի չլինելով տեղյակ, փորձում են յուրաքանչյուր իրադարձություն շահարկել ի վնաս մեր հարաբերություններին: Ես կոչ եմ անում այդպիսի մանիպուլյացիաներից զերծ մնալ»:

Շիշկինը Ռուսաստանում անազատության մեջ է եղել 4 տարի: Նա պնդում է, որ պատճառն իր քաղաքական հայացնքերն են եղել: Այս տարվա հունվարին է ազատ արձակվել ու, իր խոսքով, անմիջապես եկել է Հայաստան։ Հիմա սպասում է, որ փախստականի անձնագիր ստանա ու մեկնի այլ երկիր։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG