Մատչելիության հղումներ

Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի վաղը


Վաղը օրվա երկրորդ կեսին Սահմանադրական դատարանը (ՍԴ) կհրապարակի իր որոշումը՝ ըստ որի պարզ կդառնա՝ բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումում նշված երկու հոդվածները, թե ոչ։

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն էր ամիսներ առաջ դիմել ՍԴ՝ պահանջելով պարզել՝ արդյո՞ք Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածները, որոնք առնչվում են խափանման միջոցին և քրեական հետապնդմանը, կարող են կիրառվել նախագահի նկատմամբ: Քոչարյանի պաշտպանական խումբն, ըստ էության, պնդում է՝ անձեռնմխելիություն ունեցող նախագահը իր լիազորություններից բխող գործողությունների համար չի կարող քրեական հետապնդման ենթարկել, ավելին՝ կալանավորվել։

ՍԴ նախագահի որոշմամբ՝ դիմումը գրավոր ընթացակարգով է քննվում, իսկ այսօրվանից արդեն դատավորները խորհրդակցական սենյակում սկսեցին քննարկումները։

Սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը շեշտում է՝ դեռևս հստակ չեն կարող ասել, թե ինչ կհետևի Սահմանադրական դատարանի որոշմանը։ Դա կախված կլինի որոշման ողջ բովանդակությունից։ Ալումյանը շեշտեց՝ եթե Սահմանադրական դատարանն ընդունի իրենց բոլոր փաստարկները, ապա Քոչարյանի նկատմամբ հետապնդումը կդադարեցվի։

«Եթե ամբողջությամբ բոլոր փաստարկները, որոնք որ մենք ենք բերել, եթե էդ բոլոր փաստարկները Սահմանադրական դատարանը ընդունեց հենց էնպես, ինչպես որ մենք ենք բերել ու հենց էն բոլոր մեկնաբանությունները, որոնք մենք ենք ներկայացրել առաջին հերթին, իհարկե, պարոն Վարդևանյանը, եթե այդ ամեն ինչը ընդունվեց Սահմանադրական դատարանի կողմից, այո, ապա պետք է Ռոբերտ Քոչարյանը անհապաղ ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի», - ընդգծեց Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանի դիմումի պատասխանող կողմ է նշանակվել Ազգային Ժողովը, որն էլ ընդունել է քրեական դատավարության մասին օրենսգիրքը։ Արամ Վարդևանյանն ասաց՝ խորհրդարանն արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը։ Դիրքորոշում է ներկայացրել նաև կառավարությունը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք այս երկու դիրքորոշումները նույնն են, Վարդևանյանը պատասխանեց. «Տարբերվում են»։

Հարցին էլ, թե ինքը համաձա՞յն է իրենց դիրքորոշումների հետ, Վարդևանյանն արձագանքեց. «Չեմ մեկնաբանի այս փուլում, կմեկնաբանեմ մի քանի ժամից կամ այն ժամանակ երբ որոշումը կլինի»։

Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում էին այսօր հավաքվել Քոչարյանի փաստաբանները, նրա աջակիցներն ու ընդդիմախոսները, ինչպես նաև որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ բարձր դատարանից արդարադատություն է ակնկալում։

«Ես չգիտեմ ինչ տեղի կունենա, ես սահմանադրագետ չեմ, ես լսելով մեր փաստաբաններին, մեր կողմին, այսինքն իրանց համոզմամբ իրանք ճիշտ դիմում են ներկայացրել ու ակնկալում են դրական պատասխանի։ Առաջին հերթին ականատեսն ենք լինում էն հսկա ճնշումներին, տեսանք ինչ ճնշումներ սկսեց Սահմանադրական դատարանի վրա։ Նկատի ունեմ ամեն ինչ, սկսած երկրի ղեկավարի հարցազրույցից, սկսած Վահե Գրիգորյանի էդ ամեն ինչից, էդ կեղծ օրակարգից, սկսած, որ ինչ-որ լուրեր կան, որ անդամների վրա ինչ-որ գործեր են փորձում հարուցեն, ինչ-որ անցյալ են փորփրում», - նշեց Լևոն Քոչարյանը։

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որ անցած տարիներին Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն էր, միջնորդություն էր ներկայացրել ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ: Գրիգորյանը պնդում է՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են մարտյան դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս: ՍԴ-ից պաշտոնապես ոչինչ չեն հայտնում, թե ինչ ընթացք է ստացել Գրիգորյանի այս միջնորդությունը:

XS
SM
MD
LG