Հոնկոնգում դեմոկրատական շարժման ակտիվիստ Ջոշուա Վոնգը Թայվանի բնակիչներին կոչ է արել սատարել հոնկոնգցիների պայքարին: Նա հորդորել է «հզոր ցույց անցկացնել կոմունիստական Չինաստանի հիմնադրման 70-ամյակի օրը՝ հոկտեմբերի 1-ին»:
«Մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 1-ին Թայվանում կլինի զանգվածային մոբիլիզացում: Անցյալում Հոնկոնգը սատարել է Թայվանի ժողովրդին: Վերջնականապես ձախողվեց «մեկ պետություն երկու համակարգ» մոտեցումը, մենք թայվանցիներին խնդրում ենք սատարել Հոնկոնգին, ազատ ընտրություններ անցկացնելու հոնկոնգցիների իրավունքին»,- ասել է Վոնգը:
Հոնկոնգը նախկին բրիտանական գաղութ է, որը 1997 թվականին վերադարձվել է Չինաստանին, պայմանով, որ կգործի «մեկ պետություն, երկու համակարգ» սկզբունքը, որի համաձայն Հոնկոնգը կհամարվի Չինաստանի անբաժան մաս, սակայն Պեկինը չի միջամտի Հոնկոնգի ներքին խնդիրներին: