Մատչելիության հղումներ

Վարչապետին սխալ են զեկուցում տնտեսության իրական վիճակը․ Մանե Թանդիլյան


«Ազատությունը» հյուրնկալել է Ազգային ժողովի պատգամավոր («Լուսավոր Հայաստան»), ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին:

«Ազատություն»․ - Օր չկա, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսական ցուցանիշներ, վիճակագրական թվեր չհրապարակի: Բոլոր իշխանություններն էլ միայն դրականն են հրապարակում: Իսկ Դո՞ւք ինչպես կգնահատեք Հայաստանի տնտեսության վիճակը հեղափոխությունից մեկ տարի անց:

Թանդիլյան․ - Իմ տպավորությամբ, վարչապետին կա՛մ սխալ են զեկուցում տնտեսության իրական վիճակը, կա՛մ ինքը իսկապես ի ցույց է դնում այն թվերը, որոնք շատ թե քիչ բարվոք են: Երբ խոսում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին և աճ արձանագրում, նշանակում է, որ ինչ-որ բան շարժվում է տեղից: Բայց հենց որ կհամեմատեք այդ թիվը, այդ աճը նախորդ տարվա աճի հետ, կտեսնեք, որ պակաս է աճել: Եթե այս տարի 6,5 տոկոսով է տնտեսական ակտիվության ցուցանիշը աճ արձանագրել առաջին վեց ամսվա համար, ապա այդ նույն ժամանակահատվածի համար 2017-18 թվականներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 տոկոսի ավելին էր: Աճը աճի հետ երբ համադրում ես, ակնհայտորեն դանդաղ է աճում: Սա այն է, ինչի մասին մենք պարբերաբար խոսում ենք՝ ասելով, որ այս ժամանակահատվածում մենք ունենք պատուհան վստահության և քաղաքացիների ակնկալիքների:

«Ազատություն»․ - Դրա պատասխանը արդեն տվել է իշխանությունը՝ այն ժամանակ վիճակագրական վարչությունը նկարում էր թվերը, հիմա ինչ կա, դա ասում ենք մարդկանց:

Թանդիլյան․ - Իսկ ի՞նչ է փոխվել վիճակագրական վարչությունում: Նույն մարդիկ են, նույն աշխատակիցներն են, հատուկ ցուցում է իջել, որ այլևս չնկարե՞ք: Կներեք, դա իմ ականջներին հնչում է որպես արդարացում, ի դեպ՝ շատ անհաջող: Որովհետև նույն մեթոդաբանությունն է կիրառվում, նույն մարդիկ նույն թվերն են հաշվարկում, և սա այն հանգամանքում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռևս ՀՆԱ չէ: Ակնհայտորեն ՀՆԱ-ն ավելի ցածր է լինելու հետագայում, երբ որ կհաշվարկվի, քան թե այդ ցուցանիշն է: Դա էլ բարվոք չէ: Երբ որ խոսում են ակտիվության ցուցանիշներից, մի քանի դրական՝ չնչին աճով նշում են, չեն նշում նրանք, որոնք որ անկում ունեն: Ինձ անհանգստացրել է բեռնափոխադրումների կտրուկ անկումը․ մոտավորապես 50 տոկոսով անկում է արձանագրվել բեռնափոխադրողների տնտեսվարության մեջ: Դա ի՞նչ է նշանակում․ որ շրջանառությունը ապրանքների, արտահանումը նվազում է: Այդ նվազումը, այդ աստիճան անկումը խնդիր է: Այո, հանքարդյունաբերության մեջ որոշակի աճ կա, և ակնհայտորեն հենց դա է պատճառը, որ այսօրվա իշխանությունները շեշտադրումներն անում են հանքարդյունաբերության վրա: Եվ այս առումով, ես ցավով եմ ասում, որ այն ծախսերը, որոնք կարող էին արվել և պետք է արվեր, կապիտալ ծախսումները, որոնք կարող են էական տնտեսական աճ ապահովել, ուղղակիորեն չեն արվում: Վեց ամսվա կտրվածքով 25 տոկոս է կապիտալ ծախսերի կատարողականը: Սա նշանակում է, որ 75 տոկոսով թերակատարված է կապիտալ ծախսումը, որն էլ տնտեսության աճի գրավականն է:

«Ազատություն»․ - Այնուամենայնիվ, փող կա: Չէ՞ որ թոշակ է բարձրանում, ուսուցչի աշխատավարձ է բարձրանում, զինվորական աշխատավարձ է բարձրանում:

Թանդիլյան․ - Այո, փող կա: Փող ոչ միայն կա, այլև այդ գումարը ներդրված է Կենտրոնական բանկում որպես ավանդ՝ մոտավորապես 300 միլիարդ դրամի չափով: Որ նշանակում է անշարժացած փող է դրված, փողը ուղղակի չի իրացվում տնտեսության մեջ: Տնտեսությունից հանում ենք և հետ չենք դնում տնտեսություն: Հարկերը հավաքագրվում են, հարկատուները վճարում են հարկերը, և ես ուրախության պետք է ասեմ դա, որովհետև մենք սովոր ենք մտածել, որ սա անպայման հարկահավաքի աշխատանքի արդյունքն է: Ես կարծում եմ, որ սա բարեխիղճ հարկատուների թվի ավելացման արդյունք է: Բայց եթե այդ գումարները հետ չեն վերադառնում տնտեսություն, սա պրոբլեմ է: Ավելի լավ է հարկը չհավաքվի, ավելի լավ է վերադարձնել հարկը տնտեսվարողներին․․․ tax holiday կամ չգիտեմ, ասենք, այն բարեխիղճ հարկատուները, ովքեր լավագույնը այս տարիների ընթացքում վճարումներ են կատարել, չափանիշ դնել, հետ վերադարձնել, բոնուս տալ տնտեսվարողներին, որպեսզի գումարը ինչ-որ կերպ վերադարձվի տնտեսություն: Այլապես ունենալ գումար գումար և ուղղակի չկարողանալ իրացնել տնտեսության մեջ, մի տեղ, որտեղ ճանապարհները խայտառակ վիճակում են, միջհամայնքային որևէ ճանապարհով ուղղակի չես կարող երթևեկել, դա անթույլատրելի բացթողում է:

«Ազատություն»․ - Իշխանությունն ասում է՝ աննախադեպ ճանապարհաշինություն է եղել:

Թանդիլյան․ - Դե թող Վանաձորից Արջուտ գնան իշխանությունները և տեսնեն՝ ուղղաթիռից զատ այլ փոխադրամիջոցով գնալ չես կարող: Սանահին կայարանից, մի թաղամասից գնան Ալավերդի քաղաքի կենտրոն: Տաքսիները ուղղակի չեն աշխատում, որովհետև իրենց մեքենաները կոտրվում են, մարդիկ մնում են կղզիացած: Եվ նոյեմբերից խոստացված է եղել տվյալ ճանապարհը վերանորոգել: Խոստումը չեն կատարում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG