Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները:
Դրանց մասնակցում են եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Գերմանիայի նախագահը պաշտոնապես ներողություն է խնդրել Լեհաստանում նացիստական Գերմանիայի գործողությունների համար:
«Մենք շարունակելու ենք կրել այն պատասխանատվությունը, որ մեր ուսերին է դրել պատմությունը», - հայտարարել է Շտայնմայերը:
Միացյալ Նահանգները Վարշավայում ներկայացնում է փոխնախագահ Մայք Փենսը:
Նախապես ծրագրվում էր, որ ամերիկյան պատվիրակությունը Վարշավայում կղեկավարի Դոնալդ Թրամփը, սակայն ԱՄՆ նախագահը վերջին պահին չեղարկեց այցը` իր այդ քայլը պատճառաբանելով Ֆլորիդայի ափերին մոտեցող «Դորիան» փոթորիկի շուրջ ստեղծված կացությունը տեղում դիտարկելու անհրաժեշտությամբ: