Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրակարգը փոխելով ստեղծում ենք հնարավորություն՝ կազուսի առաջ չկանգնելու. Պապիկյան


Կառավարությունը նախատեսում է առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ձևաչափը փոխել և այն դարձնել համամասնական բոլոր համայնքներում: Նախաձեռնությունը դեռ հանրային քննարկման պետք է դրվի: Առայժմ համամասնական ընտրակարգով համայնքապետ ընտրում են 3 խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում:

Իսկ ի՞նչն է ստիպում իշխանություններին համայնքապետի աթոռը դարձնել քաղաքական: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը չհամաձայնեց, որ համամասնական ընտրակարգով համայնքապետի պաշտոնը քաղաքականացվում է ու այդ ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունը հիմնավորեց «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի ու Սահմանադրության միջև եղած կազուսով:

«Մենք հիմա ունենք մի վատ խնդիր, այսինքն մեր նախկին իշխանությունները տեղական ինքնակառավարման մարմնին տվել են լայն լիազորություններ։ Աշխարհի շատ զարգացած երկրներում կա համայնքապետի հետկանչման ինչ-որ մեխանիզմ, մեր երկրում դա չկա։ Այսինքն էստեղ Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքում որոշակի իրավական տարբերություն կա և այս իրավական, չեմ ուզի կազուս անվանել այնուամենայնիվ այս հարցը լուծելու համար, որովհետև անսխալական մարդ չկա և բնականաբար համայնքապետին ընտրող համայնքը, իմ կարծիքով, որևէ փուլում հնարավորություն պիտի ունենա լսել նրան, թե ինչու ինքը լավ չի կառավարում և մի օր խնդրել, որ հեռանա, եթե դրա կարիքը կա։ Անուղղակի ընտրության պարագայում ընտրված ավագանին այդ հնարավորությունը ունենում է, ինչը մենք այսօր չունենք։ Ես չեմ ուզում մենք միանգամից գնանք վատ սցենարով, որ դա անում ենք նրա համար, որ համայնքապետերը հեռանան, ամենևին։ Ամեն դեպքում մենք ստեղծում ենք հնարավորություն, իրավական հնարավորություն ենք տալիս, որպեսզի չկանգնենք կազուսի առաջ», - նշեց Պապիկյանը։

2016 թվականին Գյումրիում ու Վանաձորում համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունները հարթ չանցան։ Այն ժամանակ իշխող հանրապետականները և՛ Գյումրիում, և՛ Վանաձորում կարողացան այնպես անել, որ ի վերջո քաղաքապետի աթոռը բոնուսներով բաժին հասնի Հանրապետականի թեկնածուին, թեև ընդդիմադիրներն ավելի շատ քվե էին ստացել: Հեղափոխությունից հետո երկու քաղաքներում էլ նույն քաղաքապետերը շարունակում են պաշտոնավարել: Այնինչ մի շարք համայնքներում գործող համայնքապետերի դեմ բնակիչների բողոքի ակցիաներից հետո հրաժարականներ եղան:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում հեղափոխությունից հետո 1,5 տարի է բողոքի տարբեր ակցիաներով պահանջում են հանրապետական համայնքապետ Արտակ Գևորգանի հրաժարականը: Վերջինս, սակայն, անդրդվելի է։ Նախարար Պապիկյանը, ձեռնպահ մնալով համայնքի ու դրա ղեկավարի անունը տալուց, նշեց՝ բնակիչը բողոքում է, համայնքի ղեկավարը չի հեռանում:

«Մենք դեպքեր ունենք, երբ համայնքը մեկ տարի շարունակ պարզապես չի գործում, որովհետև համայնքապետը համառ է կամ համայնքի բնակիչների ինչ-որ խումբ ճիշտ չի ներկայացնում իրավիճակը, իրենք են համառ ու արդյունքում տուժում է այն քաղաքացին, ով ուզում է իր համայնքում հանգիստ ապրի ուղղակի։ Այսինքն չի ուզում քաղաքականացվել, ուզում է հանգիստ իր բնականոն կյանքը չխաթարվի։ Հիմա մենք պարտավո՞ր ենք մարդու բնականոն գործուներությունը ապահովել, պարտավոր ենք, պարտավոր ենք նաև ստեղծել իրավական մեխանիզմներ։ Այսինքն էդ պարտավորությունս կատարելու համար ես չպիտի կանչեմ համայնքապետին, ասեմ՝ դիմում գրի գնա, ես դրա իրավունքը չունեմ», - ընդգծեց նախարարը։

Մեկ այլ փոփոխություն, որն արդեն պատրաստ է և սեպտեմբերի առաջին տասնօրյակում նախարար Պապիկյանը ԱԺ-ի համապատասխան հանձնաժողով կներկայացնի, մարզպետարանների օպտիմալացման ծրագիրն է:

«Զեկուցելու եմ տարածքային կառավարման մասին նոր օրենքը, որի Ազգային ժողովի հաստատումից անմիջապես հաստատումից հետո մարզպետարաններում կսկսվի օպտիմալացման իմ խոստացած ծրագիրը, որը արդեն պատրաստ է։ Այնուամենայնիվ այն կլինի օրենքին համապատասխան, այսինքն մարդիկ երկու ամիս առաջ կծանուցվեն դրա մասին և արդեն մրցույթային կարգով կհամալրվի նոր հաստիքացուցակը համապատասխան տվյալ մարզի իրական պահանջներին», - ասաց Պապիկյանը։

Դեռ նախկին իշխանությունները դիտարկում էին մշակույթի կամ սպորտի նախարարությունները Գյումրի տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի ապահովեն տարածքային համաչափ զարգացումը, սակայն դա այդպես էլ իրականություն չդարձավ: Սուրեն Պապիկյանն ասում է՝ նախկին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Երևանում շատ թե քիչ զարգացում են ապահովել, որն էլ իր հերթին «քաշել է» մարզերի ռեսուրսը: Հիմա նոր կառավարությունը մարզերի համաչափ զարգացման համար տեղերում ենթակառուցվածներն է վերականգնում: Սուրեն Պապիկյանը օրինակ բերեց, թե պետությունը միայն այս տարի քանի կմ ճանապարհ է հիմնանորոգում:

«Այս պահին մեր նախարարության ղեկավարությամբ շուրջ գոնե նախնական, այսինքն մինիմալ թվի մասին եմ խոսում, 330 կիլոմետր ճանապարհ է կառուցվում։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 180-200 կիլոմետր ներհամայնքային ճանապարհների շինարարության մասին է խոսքը», - ասաց Սուրեն Պապիկյանը

Գյումրիի մասին էլ խոսելով՝ ասաց, որ պատմական միջուկի մի քանի փողոցներ վերանորոգելով՝ կարողացել են զբոսաշրջիկների լուրջ թիվ ապահովել:

«Գյումրիում զբոսաշրջիկների այցը մի քանի անգամ, ընդհուպ տասնյակ անգամ գերազանցում է նախկինում եղածին։ Մեծ բան չենք արել, Գյումրիի պատմական միջուկը փորձում ենք մի փոքր խելքի բերել», - ասաց նա։

Վերջին շրջանում Գյումրին իշխանությունների ուշադրության կենտրոնում է եղել, Անկախության օրվա գլխավոր տոնակատարությունն էլ այստեղ է անցկացվելու։

«Ազատության», հարցին, թե մյուս մարզերն արդյո՞ք այսպես ասած չեն խանդի, Պապիկյանը պատասխանեց. «Խանդել պետք չի, մյուս մարզերում էլ իրենց զարգացման ուղղություններին համապատասխան այլ քայլեր են արվում։ Եթե Շիրակի մարզը չունի Արարատյան դաշտի հնարավորությունները կամ չունի Տավուշի մարզի հնարավորությունները կամ Գեղարքունիքի, այսինքն մենք նախաձենք, որ ինչո՞ւ մենք չունենք Սևանա լիճ։ Չենք կարող նախանձել, դա մերն է, բոլորինս է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG