«Մենք ուզում ենք, որ դուք ավելի շատ արտադրեք, ավելի շատ արտահանեք», - այսօր Ծաղկաձորում արտահանողների, տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածության ապահովումը:
«Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանն աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցն այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել, որ այդ աջակցությունն իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ: Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Փաշինյանն անդրադառնալով շինարարության ոլորտին՝ ասել է, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում ճիշտ բանաձևեր դրվեն:
«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է և առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների էական աճ է նկատվում: Այստեղ կարևոր է, որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն», - նշել է կառավարության ղեկավարը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ մինչ այս ինքն առանձին հանդիպումներ է ունեցել տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարների հետ, վեր հանել նրանց խնդիրներն ու առաջարկությունները: Նախարարի խոսքով` մասնավոր հատվածի ներկայացուցիչներն Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել շուրջ 120 առաջարկություններ, որոնք գտնվում են քննարկման փուլում:
Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. « Մենք ուզում ենք, որ դուք ավելի շատ արտադրեք, ավելի շատ արտահանեք, բնականաբար, ավելի շատ եկամուտ ստանաք, ավելի շատ հարկ վճարեք և այսպես շարունակ»։
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են պետական գնումների համակարգի վերադասավորմանը, պետական պատվերի ժամկետի երկարաձգմանը, տարբեր արտադրատեսակների արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին, կառավարության աջակցության, խթանման գործողություններին, շուկայում հավասար պայմանների ապահովմանը, ենթակառուցվածքների ապահովմանը, շուկաների դիվերսիֆիկացմանը, բանկերի հետ համագործակցությանը, վարկային տոկոսադրույքներին, դրամային փոխանցումներին վերաբերող հարցեր: