Մատչելիության հղումներ

Ռեփեր Face-ը բարձրաձայնում է Ռուսաստանի իշխանությունների կողմից գրաքննության և ճնշումների մասին


Մոսկվայի խոշորագույն գովազդային գործակալությունները զանգվածաբար ապամոնտաժել են երիտասարդ երաժիշտներից մեկի՝ ռեփեր Face-ի համերգային պաստառները, երբ վերջինս ելույթ է ունեցել ընդդիմության՝ օգոստոսի 10-ի բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում:

Տեղական լրատվամիջոցները փաստում են, որ դեռևս մեկ շաբաթ առաջ Մոսկվայի կենտրոնում՝ Արբատում, Տվերսկայա, Սադովայա փողոցներում ու Կրեմլի մերձակա տարածքներում գովազդային վահանակների վրա տեղադրված է եղել երգչի՝ նոյեմբերին կայանալիք համերգի ցուցապաստառը: Նկարում լքված հինգհարկանի շենք է՝ կոտրված ապակիներով, և ինքը՝ երգիչը, սև կոստյումով ու փողկապով: Պաստառի կարգախոսն է՝ «Եկ, թե չէ կպարտվես»: Շուրջ մեկ շաբաթ առաջ Մոսկվայի կենտրոնական բոլոր 20 վահանակներից այն հեռացվել է:

Մեգապոլիսում արտաքին գովազդով զբաղվող գործակալություններից մեկը՝ Russ Outdoor-ը, ըստ BBC-ի, պնդել է, թե բողոքներ է ստացել ցուցապաստառում պատկերված նկարների վերաբերյալ. թե ումից և ինչու՝ ընկերությունում չեն մանրամասնել: Երաժիշտը, մինչդեռ, պնդում է՝ հանձնարարականը տրվել է վերևներից: - «Ինձ ասացին, որ ընտրությունների հետ է կապված», - ասել է Face-ը BBC-ին:

Արտաքին գովազդով զբաղվող մեկ այլ ընկերություն՝ Gallery-ն, ևս հրաժարվել է ցուցադրել դեռ մայիսին համաձայնեցված պաստառները: Երգչի անձնակազմը պնդում է, թե ընկերության ներկայացուցիչները ընկերաբար փոխանցել են, թե խնդիրներ կունենան վերևների հետ:

«Սա գրաքննություն է և իշխանության կողմից ամենաթողության հերթական դրսևորում», - BBC-ին ասել է երաժիշտը, ընդգծելով՝ իր գովազդային պաստառները որևէ օրենք չեն խախտում և ամիսներ առաջ դեռ ստացել են իրավաբանների ու փորձագետների հավանությունը:

Մոսկվայի Քաղաքապետարանի գովազդային բաժնում, ընդհանրապես հրաժարվել են մեկնաբանություններից, պնդելով, թե իրենք այս պատմության մասին երբևէ չեն լսել և մանրամասներից տեղյակ չեն:

BBC-ին, մինչդեռ, պարզել է, որ ռեփերի նկատմամբ արշավը դուրս է եկել մայրաքաղաքի սահմաններից. մասնավորապես, Ուլան Ուդեում և Իրկուտոկսում օգոստոսի 23-ին և 24-ին ծրագրված նրա համերգները վերջին պահին չեղյալ են հայտարարվել: Պաշտոնական աղբյուրները պնդել են, թե չեղարկման պատճառը զուտ տեխնիկական է՝ տոմսերը չեն վաճառվել: Կազմակերպիչներից մեկը, սակայն, երգչի անձնակազմին գրած նամակում, ըստ BBC-ի, խոստովանել է․ - «Մեզ մոտ եկան իրավապահ մարմինների ներկայացուցիչներ ու խնդրեցին չեղարկել միջոցառումը, մեր ունեցած ծանոթությունների միջոցով փորձեցինք հարթել միջադեպը, բայց, չստացվեց: Եթե անտեսենք այս զգուշացումները, կարող ենք վտանգել մեր բիզնեսն ու կանգնել լուրջ խնդիրների առջև»:

Ոստիկանությունն այս հաղորդումները չի մեկնաբանել. իշխանությունների քար լռության ֆոնին BBC-ին հիշեցնում է ռեփեր Face-ի օգոստոսի 10-ի ելույթի մասին:

«Անկեղծ ասեմ՝ ես երբեք ընտրությունների չէի մասնակցի, սակայն այսօր այստեղ ելույթ եմ ունենում հանուն այն բանի, որ իմ երկիրն ու իմ ժողովուրդն ազատություն ու ընտրության իրավունք ունենա», - իր այդ ելույթում ասել էր երգիչը:

Բողոքի ակցիաները Մոսկվայում սկսվել են հուլիսի կեսերից, երբ Ռուսաստանի իշխանությունները մերժեցին անկախ թեկնածուների գրանցումը սեպտեմբերի սկզբին մայրաքաղաքում կայանալիք Մոսգորդումայի ընտրություններում: Չնայած իշխանության ճնշումներին՝ ընդդիմադիրները չեն ընկրկում և պատրաստվում են վաղը հերթական բողոքի ցույցն անցկացնել Մոսկվայի կենտրոնական փողոցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG