Մատչելիության հղումներ

Օրենքով գողերի դեմ օրենքով պայքարելը արդյունավետ ճանապարհ չէ․ քրեական արդարադատության փորձագետը


Հայաստանում քրեական ենթամշակույթին հարելը, այսպես ասած օրենքով գող լինելը և այդ նպատակով հավաքները կդառնան քրեորեն պատժելի: Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծի փաթեթը: Առաջիկայում այն կուղարկվի Ազգային ժողով:

«Խոսքն այսպես կոչված օրենքով գողերի, սխոդկաների, կներեք արտահայտությանս, աբշակների և այս կարգի այլ երևույթների մասին է և այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ ենթրակվեն քրեական պատասխանատվության։ Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը և հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տուն ապրելու», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հավելեց՝ պատիժը կգործի նաև բանտում: Այսպես ասած «զոն նայողներն» էլ չեն խուսափի այս քրեական պատժից:

«Դրա մեջ կընդգրկվի նաև քրեակատարողական համակարգում, ասպես կոչված, մատաղի փողը», որը հավաքվում է հենց քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նպատակների համար», - ասաց Բադասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ես ինքս էլ տեսել եմ քրեկատարողական հիմնարկում տասնյակ էդպիսի դեպքեր, երբ որ մարդիկ ընտանիքներով, ամբողջ ազգ ու տակով ուղղակի վերջին շապիկն են ծախել, որպեսզի ապահովեն այդ գիշատիչ համակարգից իրենց հարազատների պաշտպանությունը և այստեղ, այո, մենք պետք է շատ վճռական գործենք և այստեղ պարզ է, որ նաև դիմադրություն է լինելու և պետք է շատ վճռական գործենք ամենակոշտ ձևերով, պետք է գնանք և այս հարցը լուծենք»։

Հանցավոր ենթամշակույթ կրողների դեմ օրենսդրական լծակներով պայքարելը հեշտ տարբերակն է, բայց ամենարդյունավետը չէ: Պատճառների փոխարեն հետևանքների դեմ է պայքարում կառավարությունը, քննադատեց քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը:

«Բայց արդյո՞ք սա ուղիղ ճանապարհ է և ամենաարդյունավետ ճանապարհն է, որ մենք հասարակությունում չենք ունենալու, օրինակ, օրենքով գող, ես խիստ կասկածում եմ։ Մի թեթև զարգացած եվրոպական երկրներից մինչև ԱՄՆ, Կանադա դեմ են ուղիղ պայքարել ինչ-որ բանի դեմ, այլ կողմնակից են ստեղծել այլընտրանքը և հասկանանք, թե ինչո՞ւ են մարդիկ, օրինակ, դառնում տերորիստ», - նշեց Գասպարյանը։

Քրեական արդարադատության փորձագետը առաջարկում է քրեական մթնոլորտի դեմ պայքարը սկսել կրթական և սոցիալական ոլորտներից, համապատասխան քաղաքականություն մշակել, մինչդեռ նրա խոսքով, այս ուղղությամբ քայլերը տեսանելի չեն:

«Մենք դրա այլընտրանքը պետք է ստեղծենք, այսինքն առավել հասարակականը, առավել մարդասիրականը, որը մենք պետք է ստեղծենք մեր կրթությամբ, սոցիալական քաղաքականությամբ, սոցիալական երաշխիքներով, ԶԼՄ-ների ճիշտ աշխատանքով, ընտանիքների ամրապնդմամբ, սոցիալական ծառայությունների հասնելիությամբ։ Քրեական հեղինակության ինչ-որ աստիճանի հասած մարդիկ իրենց գործողությունը բնակարանային գողությունը չի, իրենք կուրացիա են անում ինչ-որ բիզնեսներ, իրենք կուրացիա են անում փող։ Օրենքով գողերի և հանցավորության դեմ, նամանավանդ կազմակերպվածի հետ աշխատելը ենթադրում է, որ պիտի կտրես, օդը՝ թթվածինը, որը փողն է, եթե կարողանաս», - ասաց Գասպարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG