Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին Ռուսաստանի Սիբիրից՝ Նենցական ինքնավար մարզում գտնվող գաղութից, տեղափոխել են Մոսկվայի թիվ երկու մեկուսարան, որը հայտնի է «Բուտիրսկայա» անունով: Այդ մասին առաջինը հաղորդել են ռուսական ՏԱՍՍ և «Ինտերֆաքս» կառավարական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով իրանց աղբյուրները:
Սենցովին Մոսկվա տեղափոխելը հաջորդում է Ուկրաինայում մեկ օր առաջ ռուս լրագրող Կիրիլ Վիշինսկիին ազատ արձակելուն: Կիևի վերաքննիչ դատարանը օգոստոսի 28-ին փոխեց նրա խափանման միջոցը, նա ստորագրություն է տվել, որ չի հեռանա, չի թաքնվի հետաքննությունից:
Ըստ մամուլի հրապարակումների՝ այս երկու իրադարձությունները հնարավոր է փոխկապակցված են: Վերջին շաբաթներին Մոսկվան և Կիևը հայտնել են, որ գերիների, կալանքի տակ գտնվող անձերի փոխանակման բանակցությունների մեջ են, որը կարող է վերաբերել տասնյակ մարդկանց:
Ոչ պաշտոնական լուրերով՝ Սենցովն ու Վիշինսկին կարող են փոխանակվել:
Նշենք, որ երկուսն էլ մեղադրվում են ծանր հոդվածներով:
Ղրիմի բնակիչ Օլեգ Սենցովը հրապարակավ դեմ էր 2014-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը: Թերակղզու բռնակցումից անմիջապես հետո՝ 2014-ի մայիսին, նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Մոսկվայի «Լեֆորտովո» բանտ: Մեկ տարի անց Ռոստովի դատարանը Սենցովին 20 տարվա ազատազրկման դատապարտեց ահաբեկչության մեղադրանքով: Սենցովը մեղադրանքը չի ընդունում:
Ուկրաինայում կալանքից ազատ արձակված Կիրիլ Վիշինսկին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության ուկրաինական մասնաճյուղի ղեկավարն է: Նա ձերբակալվել է 2018-ի մայիսին, մեղադրվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տարվող հիբրիդային պատերազմին մասնակցելու մեջ: Առաջադրված մեղադրանքներով նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում: Վիշինսկին ևս մեղադրանքը չի ընդունում:
Սենցովի մայրը, Լյուդմիլա Սենցովան «Ազատության» հետ զրույցում այսօր ասել է, որ չգիտե որդու գտնվելու տեղը: Նա ասել է, որ յուրաքանչյուր ամսվա վերջին հեռախոսազրույց են ունեցել, բայց այս անգամ Օլեգը չի զանգել, ինչը նախկինում երբեք չի պատահել: Լյուդմիլա Սենցովան ասել է, որ վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ օգոստոսի 12-ին բացիկ է ստացել որդուց: Շնորհավորելով մայրիկի ծննդյան տարեդարձը՝ Օլեգը նաև գրել էր. - «Հավատա ինձ, մենք գրկախառնվելու ենք, շուտով»:
Անցյալ տարի Սենցովը 145 օր հացադուլի մեջ էր, նա պահանջում էր ազատ արձակել Ռուսաստանի մեկուսարաններում պահվող ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալներին: Անցած դեկտեմբերին Եվրախորհրդարանը նրան է շնորհել Սախարովի անվան մրցանակը 2018 թվականի համար: Ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը Սենցովին ճանաչել է քաղբանտարկյալ:
Ուկրաինայի ռուսամետ գործիչներից մեկը՝ Վիկտոր Մեդվեդչուկն այսօր ասել է, թե իր տեղեկություններով գերիների փոխանակման բանակցությունները ընթացքի մեջ են: Այսօր Ուկրաինայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստն էր: Մեդվեդչուկը լրագրողների հետ զրույցում ասել է, թե բանակցություններն ընթանում են, բայց վերջնական որոշում դեռ ընդունված չէ: Մեդվեդչուկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դստեր քավորն է: