Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն «խառնաշփոթ» է տեսնում թուրք֊բելառուսական տնտեսական հարաբերություններում


«Խառնաշփոթ». այսպես է Ալեքսանդր Լուկաշենկոն բնութագրում Բելառուսի և Թուրքիայի տնտեսական հարաբերություններում վերջին ժամանակահատվածում ստեղծված վիճակը:

Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարեց չորեքշաբթի օրը պաշտոնական այցով Մինսկ ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլույի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք, իհարկե, պետք է կատարելագործենք մեր հարաբերությունների հիմքը` առևտրատնտեսական կապերը: Զարգացման նման հսկայական ներուժ ունեցող պետությունները, ինչպիսին են Թուրքիան և Բելառուսը, կարող են երկկողմ ապրանքաշրջանառության մի քանի անգամ ավելի մեծ ծավալներ ունենալ: Անկեղծ պետք է խոստովանեմ, որ այս հարցում այժմ որոշակի խառնաշփոթ է տիրում», - նշում էր Լուկաշենկոն, պնդելով, որ երկու երկրների դեսպանությունները և Թուրքիա-Բելառուս միջկառավարական հանձնաժողովը այս հարցում բավական պասիվ դիրքորոշում են որդեգրել:

Լուկաշենկոյի` Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած դժգոհություններն այնքան էլ անհիմն չէին: 2019-ի առաջին կիսամյակում Բելառուսի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի տեմպը զգալիորեն նվազել է` կազմելով մոտ 400 միլիոն ամերիկյան դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չի աճել Բելառուսում թուրքական ներդրումների ծավալը` կազմելով շուրջ 24 միլիոն դոլար:

2018-ին արձանագրված ցուցանիշները անհամեմատ ավելի հուսադրող էին: Ողջ տարվա կտրվածքով թուրք-բելառուսական ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը մոտ մեկ միլիարդ դոլար էր կազմում, որի 80 տոկոսը բաժին էր հասնում թուրքական ապրանքների ներկրմանը` հիմնականում տեքստիլ արդյունաբերության արտադրանք և մրգեր:

«Չնայած այն հանգամանքին, որ առևտրային հաշվեկշռի սալդոն Թուրքիայի օգտին է, մեզ դա այնքան էլ չի բավարարում: Հավասարակշռված առևտուրն անհամեմատ ավելի առողջ ու երկարաժամկետ օգուտներ ապահովող երևույթ է», - հայտարարում էր Չավուշօողլուն:

Լուկաշենկոյի համոզմամբ էլ երկկողմ առևտրի ծավալների աճը հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդել Բելառուսի և Թուրքիայի քաղաքական կապերը:

«Համաձայնեք, եթե ապրանքաշրջանառությունը մեծ է, եթե մենք միմյանցից մեծ կախվածության մեջ ենք գտնվում, ապա որևէ մեկն այլևս չի կարողանա խաթարել այդ հարաբերությունները», - նշում էր Լուկաշենկոն:

Հավելենք, որ թուրք-բելառուսական հարաբերությունների հերթական քննությունը լինելու է Առևտրի միջազգային կազմակերպությանն անդամակցելու՝ Մինսկի դիմումի քննությունը:

«Մենք ջերմեռանդորեն պաշտպանում ենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու Բելառուսի ցանկությունը և հետագայում ևս շարունակելու ենք ձեր երկրին այդ հարցում աջակցություն ցուցաբերել», - դիմելով Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նշում էր Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG