Մատչելիության հղումներ

Սենատոր Ջոնսոնը պնդում է, որ ռուսներն իրեն վիզա չեն տալիս


ԱՄՆ սենատոր Ռոն Ջոնսոնը, արխիվ, Վաշինգթոն:
ԱՄՆ սենատոր Ռոն Ջոնսոնը, արխիվ, Վաշինգթոն:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունը հերքում է պնդումը:

Ամերիկացի հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնն ասել է, որ ռուսական կողմից չի ստացել մուտքի արտոնագիր Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության կազմում Ռուսաստան այցելելու համար:

Ամերիկյան պատվիրակությունը Ռուսաստանում մտադիր է հանդիպել քաղաքական գործիչների, կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Ռուսաստանում աշխատող ամերիկացի գործարարների հետ:

Ռոն Ջոնսոնը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի ղեկավարն է:

Սենատորի գրասենյակը չի հայտնել, թե երբ էր նախատեսված այցը և արդյոք պատվիրակության այլ անդամներին էլ ռուսները վիզա չեն տվել:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, որ սենատորը վիզայի դիմում չի ներկայացրել և չի տեղեկացրել Ռուսաստան այցելելու մտադրության մասին:

Սենատոր Ջոնսոնը նախկինում տարբեր առիթներով խստորեն քննադատել է Ռուսաստանի նախագահին:

«Վլադիմիր Պուտինի ընտրած ճանապարհը հիրավի պատմական ծավալի ողբերգություն է: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու, երկրում օրենքի գերակայությունը հաստատելու, արևմտյան դեմոկրատիաների հետ Ռուսաստանի տնտեսական ինտեգրումը կայացնելու փոխարեն նա ներխուժել է Վրաստան, բռնակցել է Ղրիմը և պատերազմ է սկսել Ուկրաինայի արևելքում», - ասել է սենատորը:

Անցյալ տարվա հունվարին նա ի նշան բողոքի չեղարկել է այցը Ռուսաստան, քանի որ ռուսները մուտքի արտոնագիր չեն տրամադրել Կոնգրեսի պատվիրակության անդամ, դեմոկրատ սենատոր Ջին Շահինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG