Տանտիրոջ դերում հանդես եկող նախագահ Էմանյուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափին տեղեկացրել էր Զարիֆի այցի մասին:
Ամերիկայի ղեկավարի փոխանցմամբ, ինքը հարգանքով է վերաբերվել Մակրոնի նախաձեռնությանը:
«Ես գիտեի, տվեցի իմ հավանությունը, բայց անձամբ ես չցանկացա հանդիպել Զարիֆին, դեռ վաղ է», - ասել է Թրամփը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ համատեղ ասուլիսում Թրամփը նշել է, որ Ամերիկան Իրանում ռեժիմի փոփոխության չի ձգտում:
Ավելին, ըստ Թրամփի, Իրանի ժողովուրդն արժանի է ազատ, տնտեսապես զարգացած և բարեկեցիկ երկրում ապրելուն:
Ամերիկան պատրաստ է լավ հարաբերություններ ունենալ այդ պետության հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Իրանը հրաժարվի ատոմային զենք ստեղծելու նպատակից և ամբողջ աշխարհում ահաբեկիչներին սատարելու քաղաքականությունից:
«Ուզում եմ, որ Իրանը լինի լավ, ամուր երկիր, մենք ռեժիմի փոփոխություն չենք ուզում: Տեսաք, ինչպես էր անցած քսան տարում, լավ չէր», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ շարքային իրանցիների կենսամակարդակը շատ ցածր է:
Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ Ամերիկան Թրամփի որոշմամբ անցյալ տարվա մայիսին դուրս եկավ 2015 թվականի միջուկային պայմանագրից, վերականգնեց և է՛լ ավելի խստացրեց պատժամիջոցները:
«Ամեն բան շատ պարզ է՝ Իրանը չպետք է դառնա միջուկային երկիր: Մենք քննարկելու ենք միջմայրցամաքային հրթիռների նրանց ծրագիրը, այլ թեմաներ, բայց նախևառաջ նրանք պարտավոր են վերջ տալ ահաբեկչությանը: Կարծում եմ, նրանք կգնան փոփոխությունների, նրանք շանս են ստացել», - ասել է Թրամփը:
Արևմտյան երկրներից երեք ծանրքաշայիններ՝ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան համոզված են, որ հարկ է պահպանել 2015 թվականի համաձայնագիրը: Այն կնքած ևս երկու գերտերություն՝ Ռուսաստանը և Չինաստանը, նույնպես դեմ են համաձայնագրի չեղարկմանը:
Երեկ Զարիֆը Թվիթերում գրել է, որ Բիարիցում «կառուցողական քննարկում է անցկացրել» նախագահ Մակրոնի հետ: «Առջևում բարդ ճանապարհ է, սակայն պետք է փորձել», - գրել է Զարիֆը՝ նշելով, որ համառոտ քննարկումներ է անցկացրել նաև գերմանացիների և բրիտանացիների հետ:
Մակրոնի գրասենյակը քննարկումը դրական է գնահատել և նշել է, որ այն կշարունակվի:
Իրանի նախագահը գովեստով է խոսել իր արտգործնախարարի ուղևորության մասին:
«Եթե ես իմանամ, որ ժողովի գնալն ու կոնկրետ անձի հետ հանդիպելը կօգնի իմ երկրի զարգացմանը և կլուծի մարդկանց խնդիրները, ես այդ հնարավորությունը բաց չեմ թողնի», - այսօր հեռուստատեսությամբ հայտարարել է Հասան Ռոհանին:
Այսօր Բիարիցում Իրանի խնդրին անդրադարձել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ ասելով․ - «Մենք «յոթնյակում» չենք ուզում, որ Իրանն ատոմային զենք ունենա, դա անպայման պետք է կանխվի: Մենք ուզում ենք դրան հասնել բանակցություններով: Կարծում եմ, այստեղ մեր քննարկումները շատ արդյունավետ էին և կարող են օգնել թեկուզ դանդաղ առաջ շարժվելուն, առջևում երկար ճանապարհ է»: