Մատչելիության հղումներ

Այսօր պետք է հանդիպեն «Ֆեդյա» ռոբոտը և տիեզերագնացները


Միջազգային տիեզերակայանի անձնակազմը «Սոյուզ-ՄՍ-13» նավը մեկ մոդուլից մյուսն են տեղափոխել:
Միջազգային տիեզերակայանի անձնակազմը «Սոյուզ-ՄՍ-13» նավը մեկ մոդուլից մյուսն են տեղափոխել:

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը «Սոյուզ-ՄՍ-13» նավն անջատել է միակցման «Զվեզդա» մոդուլից և միացրել մյուս մոդուլին՝ «Պոիսկին»:

Այդպիսով, տիեզերագնացները ճանապարհ են բացել «Սոյուզ-ՄՍ-14» նավի համար, որն անցած շաբաթ օրը փորձել է միանալ կայանին, սակայն տեխնիկական անսարքությունը դա անհնարին է դարձրել:

«Սոյուզ-ՄՍ-14» նավը մարդ-տիեզերագնացներ չունի, բայց կա մի շատ կարևոր կերպար՝ ռոբոտ «Ֆյոդորը», կամ, ինչպես ռուսաստանցի մասնագետներն են ասում՝ «Ֆեդյան»:

Ամերիկացի աստղանավորդ Էնդրյու Մորգանը, ռուսաստանցի և իտալացի տիեզերագնացներ Ալեքսանդր Սկվորցովն ու Լուկա Պարմիտանոն անցած կիրակի ամբողջ օրն աշխատել են միջազգային տիեզերակայանի «Զվեզդա» մոդուլը «Ֆեդյային» տիեզերք հասցրած «Սոյուզ-ՄՍ-14»-ի միակցմանը նախապատրաստելու համար:

Ռուսաստանցի մասնագետների կարծիքով, շաբաթ օրը կայանին միակցվելու՝ «Ֆեդյայի» նավի փորձը ձախողվել է ոչ թե նավի, այլ հենց կայանի վրա տեղադրված «Կուրս» համակարգի աշխատանքի խափանման հետևանքով:

«Ֆեդյայի» նավից մինչև կայան ընդամենը 60 մետր էր մնացել, սակայն համոզվելով, որ նավն ընդունելու՝ կայանի համակարգը չի գործում՝ թռիչքների կառավարման կենտրոնը կարգադրել է դադարեցնել գործողությունը:

Այսօր նախատեսված միակցման ընթացքում բոլոր սարքավորումներն աշխատելու են, սակայն բուն գործողությունը տիեզերագնացները ձեռքով են իրականացնելու:

ՆԱՍԱ-ն՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը, հույս է հայտնել, որ տիեզերակայանին նավի միակցվելու երկրորդ փորձը հաջող կլինի:

Ուստի, այսօր պետք է վերջապես հանդիպեն միջազգային տիեզերակայանի անձնակազմի երեք անդամներն ու մարդոիդ-ռոբոտ «Ֆյոդորը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG