Մատչելիության հղումներ

Ուժի մեջ է մտել Սկրիպալների գործով Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթը


Այսօրվանից ուժի մեջ է մտել Սկրիպալների գործով Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթը:

Պատժամիջոցները սահմանվել էին անցած տարի մարտին բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուսաստանցի պաշտոնաթող ռազմական հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով:

Պատժամիջոցների այս նոր՝ երկրորդ փաթեթի մասին հրամանագիրը Միացյալ Նահագների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր օգոստոսի երկուսին:

Պատժամիջոցների նոր փաթեթով սահմանափակվում են Ռուսաստանի պետական պարտքի շուրջ իրականացվող բոլոր գործողությունները միջազգային շուկայում: Ամերիկյան բանկերն այլևս չեն կարողանա Ռուսաստանի պետական պարտքի շուրջ գործարքներ կնքել և վարկեր տրամադրել Ռուսաստանի կառավարությանը: Խիստ սահմանափակվում է նաև երկակի նշանակության ապրանքների արտահանումը ռուսական շուկա:

Փաթեթը նախատեսում է որոշակի սահմանափակումներ նաև երկկողմ քաղաքական շփումներում, թեև դեռ հստակ չէ, թե ինչ մասին է խոսքը։ Մոսկվան, ինչպես միշտ հայտարարում է, թե այս պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն չեն թողնի և իրականում դրանից տուժում են ամերիկացի գործարարներն ու միջազգային ֆինանսական ինստիտուտները:

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով «Ռենեսանս կապիտալի» փորձագետ Նատալյա Օրլովային գրել է, թե ռուսական տնտեսության համար ավելի ցավալի են Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմներն ու էներգակիրների գնի անկումը։

«Ալֆա գրուպի» ֆինանսական շուկայի հարցերով տնօրեն Վլադիմիր Բրագինի կարծիքով շուկայի խաղացողներն արդեն արձագանքել էին այս սահմանափակումներին անցած տարի, երբ հայտնի էր դարձել նման մտադրության մասին, այդ իսկ պատճառով այդ սահմանափակումները այսօր լուրջ ազդեցություն չեն թողնի Ռուսաստանի տնտեսության վրա:

«Շուկան պատժամիջոցներին արձագանքում է այն պահին, երբ հայտնի է դառնում այդ պատժամիջոցների մասին, այլ ոչ թե, երբ ուժի մեջ են մտնում այդ պատժամիջոցները: Բացի այդ, երկրորդ փաթեթը չի ստիպում ազատվել ադեն ձեռք բերած պարտատոմսերից և չի արգելում դրանց առք ու վաճառքը երկրորդային շուկայում», - ՏԱՍՍ գործակալությանն ասել է փորձագետը։

Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Անատոլիյ Ակսակովն էլ պնդում է, որ պատժամիջոցների այս նոր փաթեթը զգալի ազդեցություն Ռուսաստանի տնտեսության վրա չի թողնի, քանի որ Ռուսաստանն այսօր միջազգային վարկերի պահանջ չունի:

Անցած տարի օգոստոսին, երբ հայտարարվել էր Սկրիպալների գործով պատժամիջոցների առաջին փուլի մասին, Վաշինգտոնը Մոսկվայից պահանջել էր երաշխիքներ առ այն, որ Ռուսաստանը չի օգտագործում քիմիական զենք և պահանջել էր թույլ տալ իր փորձագետներին այցելել համապատասխան կառույցներ Ռուսաստանի տարածքում: Մոսկվան հրաժարվել էր կատարել ամերիկյան այս պահանջները, ինչին էլ հետևել էր պատժամիջոցների այս երկրորդ փաթեթը, որն ամերիկյան փորձագետների կարծիքով կարող է մեծ վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը։

Այսօր ուժի մեջ մտած պատժամիջոցների փաթեթը ավելի մեղմ էր, քան ակնկալում էին փորձագետները: Դեռ անցած տարի օգոստոսին, միայն այս երկրորդ փաթեթի մասին տեղեկության ֆոնին ռուսական ռուբլին օրինակ լուրջ արժեզրկվել էր։ Այն ժամանակ ենթադրվում էր, որ երկրորդ փաթեթով, օրինակ, կարգելվեն նույնիսկ «Աերոֆլոտի» թռիչքները Միացյալ Նահանգներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG