Լիբանանում բնակվող շիա մահմեդականներին միավորող, Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» շարժման առաջնորդ Հասան Նասրալան կիրակի երեկոյան Բեյրութում կայացած հանրահավաքի ժամանակ զգուշացրել է, որ առաջիկայում Իսրայելի դեմ կարող են կոշտ գործողություններ ձեռնարկվել:
Նասրալայի այս հայտարարությունը հնչել է Բեյրութի հարավում իրականացված երկու հարձակումներից հետո: Երկու մարդու մահվան պատճառ դարձած այս գործողությունները, ըստ լիբանանյան աղբյուրների, իրականացվել են Իսրայելի բանակի կողմից` անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
«Ես դիմում եմ [Լիբանանի հետ] սահմանը հսկող իսրայելական ստորաբաժանումներին․ մարտական բարձր պատրաստության աստիճան հայտարարեք և սպասեք մեզ», - հայտարարում էր «Հեզբոլայի» առաջնորդը: Նրա խոսքով իսրայելական բանակի հարձակումը 2006 թվականի պատերազմից հետո ռազմական գործողությունների վարման կանոնների շուրջ ձեռք բերված համաձայնությունների առաջին լուրջ խախտումն էր: