Մատչելիության հղումներ

Այս տարի հրդեհների թիվը 60 տոկոսով ավելացել է


Ծիծեռնակաբերդի հարակից անտառում երեկ բռնկված հրդեհի հետևանքով 100 ծառ ու 2 հեկտար բուսածածկ տարածք է այրվել։ Հրդեհը մարվել է կեսգիշեն անց, սակայն այսօր էլ փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ դեռևս հերթապահում էր տարածքում։

Ծառայությունում ասում են՝ հնարավոր է նոր բռնկում լինի։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգիչ Լևոն Շահինյանի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 7 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնից 1 խումբ և օպերատիվ խմբեր:

Հրդեհի բռնկման վարկածը հրառավառությունն է։ Հրդեհի հարակից տարածի սրճարանում համոզված են՝ հենց հրառվառության հետևանքով է հրդեհը բռնկվել, պատմում են՝ իրենք երեկ երեկոյան հաճախորդին թույլ չեն տվել սրճարանի տարածքում հրավառություն անել, հաճախորդն էլ որոշել է խրախճանքը դրսում շարունակել։

«Չի թույլատրվում մեզ մոտ՝ կանխարգելել են և դուրս են հրավիրել անվտանգության աշխատակիցները: Հաճախորդը դուրս է եկել ու իրականացրել է իր հրավառությունը Համալիրի հարակից տարածքում: Մինչև անվտանգության աշխատակիցները հասել են տարածք, արդեն հրավառությունը իրականացված է եղել և բռնկվել է: Մեր աշխատակիցները գնացել են և փորձել են կանխարգելել հրդեհը, մինչև ԱԻՆ֊ի աշխատողները հայտնվել են տարածքում», - պատմում է սրճարանի ներկայացուցիչ Անուշ Սաֆարյանը:

Այս տարի, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, հրդեհների թիվը 60 տոկոսով ավելացել է: Օգոսոտսի 21 դրությամբ Հայաստանի տարածքում արդեն հրդեհների բռնկման 6959 դեպք է գրանցվել: Այս տարի հրդեհների հետևանքով զոհվել է երկու մարդ, տուժել՝ 30-ը: Վերլուծությունները ցույց են տալիս՝ հրդեհների մեծ մասը մարդկանց անզգուշության պատճառով է։

Օրինակ՝ ամռանը ժամանցը քաղաքից դուրս անցկացնողները խարույկի մոխիրը չեն հանգցնում, ինչն էլ քամու պատճառով տարածվում ու հրդեհի պատճառ է դառնում:

«Գերակշիռ մեծամասնությունը մարդածին գործոններով պայմանավորված են և պատասխանատու մոտեցումը բնության գրկում, սեփական տանը էապես դրական վիճակագրության կբերի», - ասում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝ 2 օր առաջ Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը դեռ չի մարվել։ Փրկարար ծառայության աշխատակիցները դեռ հրդեհաշիջման աշխատանքերով են զբաղվում։ Հրդեհի հետևանքով արդեն 1800 հեկտար խոտածածկ ու բուսածածկ տարածք է այրվել, չի դադարում նաև օգոստոսի 19-ին Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ընկերության տարածքում բռնկված հրդեհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG