Մատչելիության հղումներ

Կոսովոյի խորհրդարանն ինքնալուծարվեց


Կոսովոյի խորհրդարանի նիստը, Պրիշտինա, 22-ը օգոստոսի, 2019թ․
Կոսովոյի խորհրդարանի նիստը, Պրիշտինա, 22-ը օգոստոսի, 2019թ․

Կոսովոյի խորհրդարանը հայտարարել է լուծարման մասին, որոշմանը կողմ է քվեարկել 120 պատգամավորներից 89-ը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն 45 օրվա ընթացքում:

Վարչապետ Ռամուշ Հարադինայի հրաժարականից մեկ ամիս անց մի շարք քաղաքական ուժեր կոչ արեցին արտահերթ ընտրություններ անցկացնել: Հարադինայը իր հրաժարականը բացատրել է Հաագայի դատարանում Կոսովոյի պատերազմի գործով ցուցմունքներ տալու հանգամանքով: Դատական նիստերի ընթացքում Կոսովոյի կառավարության նախկին ղեկավարը հիմնականում նախընտրել է չխոսել, միայն վերջին նիստի ընթացքում հայտարարել է, որ միշտ գործել է «իրավունքի նորմերին համապատասխան»:

Կոսովոյի պատերազմի ժամանակ՝ 1998-1999 թվականներին Հարադինայը ղեկավարել է ապստամբ ուժերը: Սերբիայի իշխանությունները նրան մեղադրում են Կոսովոյի սերբ փոքրամասնության դեմ հանցագործությունների մեջ: Կոսովոյի պատերազմի ժամանակ զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

2008 թվականին Կոսովոն անկախություն է հռչակել, Սերբիան, սակայն, հրաժարվում է իր նախկին նահանգը ճանաչել որպես անկախ պետություն: Ռուսաստանը, Չինաստանը, Եվրամիության մի շարք երկրներ ևս չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG