Մատչելիության հղումներ

«Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի ժողովրդավարության բարեկամը». վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպանի հետ


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը բարձր է գնահատել Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը երկրի ժողովրդավարական գործընթացներում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած աշխատանքի և Հայաստանի բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչը շատ կարևոր էր և արդյունավետ: Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի բարեկամը: Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. ԵՄ-ն հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար, մեր բարեփոխումների համար, և վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա», - ասել է Կառավարության ղեկավարը:

ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնելը: «Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով: Եվրամիության համար նույնպես Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է և կարևոր, և ԵՄ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին՝ առաջ գնալու, բարեփոխումները հաջող կյանքի կոչելու գործում», - նշել է Սվիտալսկին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

XS
SM
MD
LG