Մատչելիության հղումներ

Սերբիան պատրաստվում է ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ


Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոտսան-Խարչենկո, արխիվ
Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոտսան-Խարչենկո, արխիվ

Սերբիան պատրաստվում է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, որի անդամ է նաև Հայաստանը: Այդ մասին Թվիթերում գրել է Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոտսան-Խարչենկոն:

«Հոկտեմբերի 25-ին ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրվի Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև: Սա նշանակալի իրադարձություն է», - պնդել է ռուս դիվանագետը, հավելելով՝ այդ համաձայնագրի իրագործմամբ Բելգրադը բոլորովին նոր մակարդակի ներկայություն կունենա Եվրասիայում և մուտք կստանա դեպի 182 միլիոն սպառողներ ունեցող շուկա, որի ՀՆԱ-ն գերազանցում է 1.9 տրիլիոն դոլարը:

Ռուս դեսպանը նաև կարծիք է հայտնել, թե համաձայնագրի ստորագրումից հետո «Սերբիան կարող է դառնալ կապող օղակ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև»:

Եվրասիական տնտեսական միությունը հիմնադրվել է 2014 թվականին՝ Մոսկվայի նախաձեռնությամբ: Ռուսաստանից բացի կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG