Մատչելիության հղումներ

Զարուհի Հովհաննիսյան․ Իրապես մշակութային շոկ եմ ապրել


2018-ի հեղափոխությունից հետո երեկ առաջին անգամ տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, այսօր տարածած հայտարարության մեջ պնդում են մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ:

Հայտարարության հեղինակները Բաղրամյան պողոտայում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողությունները որակում են «ասֆալտին փռելու միջոցով բիրտ ուժի կիրառում»:

Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածներ կային, նրանցից մեկն անգամ տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ երեկ տեղի ունեցած ակցիային ներկա էր նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Նա «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ Բաղրամյան 26-ն ու Ազգային ժողովի այգին փակել էին ցուցարարների համար, և վերջիններս, գոհ չլինելով վարչապետի հետ ավելի վաղ կայացած հանդիպումից, դուրս եկան Բաղրամյան պողոտա․ - «Ու ոստիկանությունը արդեն իսկ կուտակված բազմաթիվ ուժերի միջոցով, այդ թվում նաև հատուկջոկատայինների, բիրտ կերպով սկսեց ճնշել հավաքը՝ բերման ենթարկելով քաղաքացիներին: Ինքս երբ տեսա, թե կանանց ինչ մեթոդներով են բերման ենթարկում, ինչն արդեն վաղուց փորձում էի մոռանալ և չասոցացնել մեր նոր իրավիճակի հետ, իրապես մշակութային շոկ եմ ապրել»:

Հովհաննիսյանի խոսքով, ինքը փորձել է օգնել քաղաքացիներին, սակայն արդյունքում նույնպես «ասֆալտին է փռվել»:

Ոստիկանության գործողություններից տուժել է նաև «Ազատության» թղթակից Գայանե Սարիբեկյանը, ում նկատմամբ նույնպես ուժ է կիրառվել:

«Իրականում տարբերակված մոտեցում է ոստիկանության ընդհանրապես ցանկացած նմանատիպ իրավիճակի հանդեպ, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ մի քանի ամիս առաջ նույն Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները: Ոստիկանությունն այդտեղ դիտորդի կարգավիճակում էր: Այսինքն, մենք ունենք մի մարմին, որը օրինական կարգը պահպանելու փոխարեն կատարում է հերթական անգամ իշխող վերնախավի որոշումները և նրանց ցուցումներով է գործում», - ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա գնահատմամբ, ոստիկանությունը երեկ դարձավ Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը․ - «Որի համար կան ընդունելի իրավիճակներ, չընդունելի իրավիճակներ, ընդունելի հանրույթներ, չընդունելի հանրույթներ: Մի դեպքում ձևավորված արհեստական սադրանքների պարագայում ոստիկանությունը չի խառնվում՝ այն, ինչ տեսանք դատարանների առջև, մյուս դեպքում, երբ հանրությունը փորձ է անում բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները, կատարվում է բիրտ ուժի կիրառում»:

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանին երեկվա ցույցերի ընթացքը հիշեցրել է նախկին իշխանության օրոք տեղի ունեցած բողոքի ակցիաները․ - «Սա բացարձակ անընդունելի է: Ոստիկանությունը պետք է կարողանա, եթե ի վերջո ունի ինչ-որ օրինական, այդ օրինական նպատակին, օրինակ, Բաղրամյան փողոցը բացելուն ոստիկանությունը պետք է կարողանա հասնի նվազագույնս ուժ կիրառելով և քաղաքացիների նվազագույն վնաս հասցնելով»:

Իոաննիսյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի այգու մուտքը ցուցարարների առջև փակելուն՝ ընդգծելով, որ տարբեր երկրներում խորհրդարանների առջև կարելի է հավաք անել․ - «Ռուսաստանի նման մեղմ ասած ժողովրդավարությամբ աչքի չընկնող երկրում Դումայի պատի տակ կարելի է հավաք անել: Վրաստանում տեսանք խորհրդարանի առջև հավաք էր տեղի ունենում: Հայաստանի խորհրդարանին էդ ի՞նչ վտանգ է սպառնում, հայ ցուցարարներն, ինչ է միջուկային ռումբո՞վ էին, գնդացրո՞վ էին: Բացարձակապես անընդունելի է այդ մոտեցումը»:

Իոաննիսյանը ոստիկանության գործողություններում միտում չի տեսնում: Վերջիններս ուժային գործողությունները, որոնց ընթացքում քաղաքացիներ տուժեցին, պայմանավորում է պրոֆեսիոնալիզմի պակասի հետ:

Երեկ հիշեցնենք, վեց հոգի էր բերման ենթարկվել: Նրանք բոլորը ավելի ուշ ազատ էին արձակվել:

XS
SM
MD
LG