Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի մասով էական փոփոխություններ անել պետք չէ․ Էդիկ Մինասյան


Քանի դեռ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործի քննությունը շարունակվում է, 9-րդ դասարանի դասագրքում Մարտի 1-ի մասով էական փոփոխություններ անել պետք չէ:

«Ազատության» հետ զրույցում նման կարծիք հնչեցրեց «Մանմար» հրատարակչության դասագրքի հեղինակ Էդիկ Մինասյանը․ - «Երբ որ գործընթացը գնում է, ավելի շատ մանրամասնել դեռևս հնարավոր չէ: Ես գտնում եմ, որ մենք չպետք է անընդհատ մեր պատմությունը սահմանափակենք Մարտի 1-ի դեպքերով: Ինչքան էլ հարգենք և այլն: Պատմական իրադարձություններ են եղել, մենք հաղթանակներ ենք տարել արցախյան ճակատում, մենք այսօր խնդիրներ ունենք անվտանգության»:

Դասագրքի հենց նրա հեղինակած տարբերակով է դպրոցների 70 տոկոսը ուսումնասիրում է Հայաստանի նորագույն պատմությունը: Մինասյանը մեկ անգամ չէ, որ քննադատության է ենթարկվել գրքում տեղ գտած ձևակերպումների համար:

Սակայն դեռ այս տարվա փետրվարին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով դասագիրքը ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 500-ից ավելի առաջարկների մեջ, ըստ հեղինակի, հստակ դիտարկումներ չկան Մարտի 1-ի հետ կապված:

Մինասյանը պնդում է, որ պարզապես ասել են վերաշարադրել 1991-ից սկսած մինչև մեր օրերի պատմությունը․ - «Կոնկրետ մեզ չեն կանչել, քննարկում չի եղել, որ ես իմանամ կոնկրետ այս հարցերի հետ կապված որ հարցում են իրենք հակադրվում կամ որ հարցում իրենց հարմար չի այս տեսակետը, որ ես դրան հակադարձեմ»:

Որոշակի փոփոխություններ Մինասյանը այնուամենայնիվ կատարել է: Փոխվել է վրիպակը, որ երկրում արտակարգ դրություն է մտցվել, մինչդեռ փաստաթղթերով Ռոբերտ Քոչարյանի հրամանը տարածվում էր միայն Երևանի վրա։

Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումների ձևակերպանը, որտեղ Մինասյանը 2008-ին փողոց դուրս եկածներին անվանել էր «ընդդիմադիրների արմատական թև», իսկ 1996-ի ընտրական դեպքերի նկարագրելիս օգտագործել էր «հանրահավաքի էին դուրս եկել մարդիկ» նախադասությունը, Մինասյանը նկատում է, որ ընդդիմությունն ինքն էր իրեն այդպես կոչում․ - «Բովանդակային առումով, ենթադրենք, որ ասեն այս բոլորը փոխեք, դա անհնարին է: Եվ իմ տեսակետն է, որպես կոնկրետ մասնագետի, որ ամեն ինչ չէ, որ պիտի փոխես: Հետո դա արդեն քննություն է բռնել, աշակերտները նաև սովորել են այդ դասագրքով»:

Մինասյանը Մարտի 1-ի մասին չի ասում, թե ում գործողությունների հետևանքով տեղի ունեցան այդ արյունալի դեպքերը: Շարադարանքը այսպիսին է․ «Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Եղան վիրավորներ»:

Մինասյանը հակադարձում է, թե Մարտի 1-ի սպանությունների գործով մինչև օրս դատապարտված մարդ չկա․ - «Ավելացվել է նաև այդ ձևակերպումը, որ քննության գործընթացը գնում է, որ հետագա դեպքերի բացահայտման դեպքում հնարավոր է նաև եզրակացություն վերջնական տրվի»:

Մինասյանը հերքում է այն լուրերը, թե ինչը կաշկանդված է քաղաքական հայացքներով, ասում է, որ երբեք կուսակցական չի եղել:

Հեղինակին ներկայացված առաջարկությունների շարքում է եղել նաև անդրադարձը 2018 թվականի դեպքերին: Մինչդեռ Էդիկ Մինասյանը կարծում է, որ պետք է սահմանափակվել 2016 թվականով, ինչը, սակայն, իրեն չի խանգարել շարադրել և ներկայացնել նաև թավշա հեղափոխությունը․ - «Փաստերի հիման վրա շարադրանք է: Ավել բան այսօր վերլուծել, տալ աշակերտին, հնարավոր չէ: Այլ կերպ ասած՝ եզրակացություններ չեն արվել: Ես գտնում եմ, որ այստեղ դեպքեր, իրադարձություններ կան, որ դեռևս գնահատական պետք չի տալ՝ հեղափոխություն թավշյա անվանումով: Դեռևս քննարկման խնդիր է դա»:

Այսօր թեմային վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ, որին Մինասյանը ներկա չէր, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանն ասաց, որ հիմնական քննարկումները ու տարակարծությունները նաև այն հարցի շուրջ են, թե ինչ վաղեմության դեպքերը կարող են արտացոլվել դասագրքում: Իսկ թե ինչու վերաշարադրված տարբերակները չեն տպագրվում, պարզաբանեց՝ վիճելի հարցերի վերաբերյալ եզրակացություն ներկայացնող կառույցը՝ Կրթության ազգային ինստիտուտը լուծվարվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան քննարկմանը նախարարը տեղեկացրեց, որ դասագրքերի չափորոշիչների փոփոխություն է տեղի ունենում: Աշխատանքային հանդիպմանը, սակայն, վերաշարադված դասագրքերի խնդրին անդրադարձ չեղավ:

XS
SM
MD
LG