Մատչելիության հղումներ

Լիտվան դեղահաբեր է գնում՝ պատրաստվելով Բելառուսի առաջին ատոմակայանի գործարկմանը


Բելառուսի առաջին՝ Oստրովեցի ատոմային էլեկտրակայանը, ապրիլ, 2019թ․

Լիտվան դեղահաբեր գնելով պատրաստվում է հարևան Բելառուսում կառուցվող առաջին ատոմակայանի գործարկմանը, որի շահագործման ժամկետը մոտենում է: Լիտվայի կառավարությունը հայտնել է, որ մոտավորապես մեկ միլիոն դոլարի ավելի քան 4 միլիոն յոդի հաբեր է գնելու: Ներմուծումը նախատեսվում է իրականացնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Այս մասին երեկ հաղորդել է Associated Press գործակալությունը:

Դեղահաբերը բաժանվելու են Լիտվայի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել միջուկային ճառագայթումից՝ բելառուսական ատոմակայանի հնարավոր վթարի, կամ գործարկման ժամանակ միջուկային հնարավոր արտահոսքի դեպքում:

Բժշկության մեջ յոդը հաճախ օգտագործվում է վահանաձև գեղձը ռադիացիայի որոշ տեսակներից պաշտպանելու համար:

Լիտվայի բնակչությունը մոտավորապես 2 միլիոն 800 հազար է: Այդ երկիրը տասը տարի առաջ փակել է իր տարածքում գտնվող միակ ատոմակայանը:

Իսկ Բելառուսը կառուցում է իր տարածքում առաջին ատոմակայանը անկախացումից հետո: Ռուսաստանի հետ կառուցվող Օստրովեցի շրջանի ատոմակայանը շատ մոտ է Լիտվայի սահմանին՝ մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 50 կիլոմետր է հեռու: Ատոմակայանի առաջին ռեակտորը նախատեսվում է գործարկել այս տարեվերջին, իսկ երկրորդը՝ 2020 թվականին: Ռեակտորները ռուսական արտադրության են: Երկու ռեակտորները միասին կարող են 2,4 գիգավատտ էլեկտրաէներգիա արտադրել:

Լիտվան վախով է հետևել իր սահմանի մոտ բելառուսական ատոմակայանի կառուցմանը, գործարկումից առաջ առողջապահության նախարարությունը ձգտում է բնակիչներին ամեն դեպքում ապահովել դեղահաբերով:

Իշխանությունները նաև բնակիչների տարհանման ճանապարհներ են մշակել ու փորձարկում են ազդանշանային համակարգերը, հաղորդել է ներքին գործերի նախարարությունը:

Դեռևս խորհրդային ժամանակներում Բելառուսում նոր ատոմակայան կառուցելու ծրագիր կար, սակայն 1986 թվականի Չեռնոբիլի ատոմակայանի խոշոր վթարից, միջուկային աղետից հետո այդ ծրագիրը փակվել էր: 2007 թվականին Բելառուսն ու Ռուսաստանը որոշեցին նոր ատոմակայանը կառուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG