Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը


Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 23 միլիոն եվրոյի վարկային միջոցներով Գյումրիում սկսված փողոցաշինության ծրագրի առաջին փուլը թեև նախատեսվում էր ավարտին հասցնել ամենաուշը այս տարվա գարնանը, սակայն վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև հունիսի 30-ը: Բայց այդ ժամկետն էլ խախտվեց, ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսօր հրավիրած ասուլիսում նոր ամսաթիվ մատնանշեց:

«ՎԶԵԲ-ի հետ կապված ոնց որ թե մենք առաջին փուլը այս տարի վերջացնելու ենք, ընդունենք մինչև հոկտեմբերի 15-ը», - ասաց քաղաքապետը:

Տարբեր փողոցների շինարարությունը տարբեր ժամանակահատվածներում են ավարտելու, մի քանիսը շահագործման կհանձնվեն մինչև օգոստոսի 25-ը, երբ Գյումրիում կնշեն քաղաքի օրը: Այժմ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում կենտրոնական Սայաթ-Նովա պողոտայում․ - «Սայաթ-Նովան երևի թե մինչև 25-ը կհանձնեն, և Հայուհու հրապարակը կհանձնեն շահագործման, Տիգրան Մեծից որոշ հատված, որոշ հատված էլ Նժդեհից: Մենք հույս ունենք, որ մինչև սեպտեմբերի 15-20-ը կվերջացնի «ԱՊԵ»-ն [աշխատանքներն իրականացնող կազմերպություն] իր աշխատանքները: Հիմա Գերցեն փողոցում շատ ակտիվ ասֆալտապատման աշխատանքներ են գնում: Եվ նույն մեթոդով անելու են Վազգեն Սարգսյանը, որը շատ արագ է ստացվում»: Շատ բարդ աշխատանքի առաջ կանգնեցին ջրահեռացման համակարգի հետ կապված: Սա էր խնդիրը

Սամվել Բալասանյանն ասում է, որ քաղաքային իշխանության համար գլխավոր որակն է․ եթե որակը չհամապատասխանի, բնականաբար, կատարողականները շինարարներին չեն վճարվի․ - «Ամեն խորհրդակցության ժամանակ ասում եմ՝ մենք հետևողական ենք մեր խմբով, որպեսզի որակը լավ լինի: Նաև խորհրդատուն է շատ ուշադիր»:

Հարցին, թե արդյոք կան շինկազմակերպություններ, որոնք տույժ ու տուգանքի են ենթարկվել, Բալասանյանը պատասխանեց․ - «Կա: Օրինակ, Մուշ 2-ի հրապարակի շինարարը: Խայտառակություն է: Եվ անպայման ինքը տույժ ու տուգանքի տակ է ընկել արդեն»:

ՎԶԵԲ-ի ծրագրի երկրորդ փուլի նախագծային աշխատանքներն են ընթանում: Այն ընդգրկելու է 33 փողոց: Հիմնականում «Անի» թաղամասի փողոցներն են, որոնք դարձել են անանցանելի, սակայն այստեղ էլ «Վեոլիա ջուրն» խնդիրներ ստեղծել, քանի որ KFW բանկի վարկային միջոցներով նախատեսվում է թաղամասի ամբողջական ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի փոխարինում:

Հայտնի չէ, սակայն, թե երբ կմեկնարկեն այդ աշխատանքները․ - «Մենք նամակներ ենք հղել, թե երբ պետք է անցկացնեն: Մենք շատ արագ դա կանենք, նույնիսկ առաջին փուլով կանեինք, որովհետև այնտեղ անտանելի է արդեն դարձել: Խնդիրն այն է, որ նամակներին չեն պատասխանում, որովհետև KFW-ի հետ կապված խնդիր ունեն իրենք, ոնց որ թե այդ բանկի հետ չեն կարողանում վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի ջրամատակարարման վերջին փուլը անեն»:

Համաշխարհային բանկը ևս փողոցաշինական ծրագիր է իրականացում քաղաքի կենտրոնում: Աշխատանքները գրեթե ավարտին են մոտեցել․ մնում է կենտրոնական Վարդանանց հրապարակի սալապատման համար ֆինանսական միջոցների հարցը լուծել, և ըստ քաղաքապետի, կարծես թե Համաշխարհային բանկը համաձայն է շուրջ 250 մլն դրամ հատկացնել․ - «Ամեն 3-4 տարին մեկ անգամ անպայման մենք պետք է 100 միլիոն ծախսենք, որպեսզի վրայի շերտը հանենք և նորից նոր շերտ դնենք: Ես էլ ասում եմ՝ 250 միլիոն է ընդամենը իմ ասած ծրագիրը, բերեք միանգամից անենք, 30 տարի ձեռք չտանք»:

Ասօր հրավիրած ասուլիսում քաղաքապետը նաև մի քանի ներդրումային ծրագիր ներկայացրեց: Մասնավորապես, «Թումո» տեխնոլոգիական կենտրոնը ավարտում է իր մասնաճյուղի կառուցումը Գյումրիում: Գորկու զբոսայգին էլ տրամադրվում է «Թումո»-ին՝ այն բարեկարգելու նպատակով: «Թումո»-ն նախատեսում է նաև Գյումրիի հին շուկան վերականգնել: Իսկ Հայաստանի IT ոլորտի ամենամեծ ձեռնարկություններից «Սինոփսիսն» էլ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «վառե-մարեմ»-ի շենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG