Մատչելիության հղումներ

Զելենսկին առաջարկում է փոխել «նորմանդյան ձևաչափը»


Նորմանդյան ձևաչափով՝ ռուս-ուկրաինա-գերմանա-ֆրանսիական հանդիպումը Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի առիթներով խոսել է «նորմանդյան ձևաչափը» փոխելու անհրաժեշտության մասին:

«Նորմանդյան քառյակը»՝ Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան, զբաղվում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմամբ և արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ է գումարել:

2015 թվականի փետրվարի 11-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում քառյակը պետության ղեկավարների մակարդակով է հավաքվել, կնքվել է Մինսկյան համաձայնությունը:

Կողմերն այդ փաստաթղթով պայմանավորվել են հրադադար հաստատել, ռազմաճակատի գծից հետ քաշել ծանր տեխնիկան, փոխանակել ռազմագերիներին, քննարկել Ուկրաինայի Սահմանադրության բարեփոխումը և ձեռնարկել մի շարք այլ գործողություններ, որոնք ուղղված կլինեն հակամարտության կարգավորմանը:

Սակայն այդ պայմանավորվածությունների մեծ մասն այդպես էլ չի իրականացվել: Կիևում դեռ նախագահ Պետրո Պորոշենկոյի օրոք են պնդել, որ Եվրոպայի կենտրոնում այնպիսի լուրջ ռազմական-քաղաքական առճակատումը, ինչպիսին ռուս-ուկրաինականն է, հնարավոր չէ կարգավորել առանց Վաշինգտոնի մասնակցության:

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը «Եվրոպեյսկայա Պրավդա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնում կքննարկեն ուկրաինացիների նոր առաջարկը:

«Նախագահ Զելենսկին արդեն արծարծել է խնդիրը: Այո, հիմա այդ տարբերակով զբաղվում ենք: Զելենսկին համոզված է, որ մինսկյան ֆորմատը չի աշխատում, ուստի ենթադրում է, որ մեր կամ բրիտանացիների մասնակցությունը կարող է օգնել: Մենք կարծում ենք, որ դա հետաքրքիր առաջարկ է», - ասել է ամերիկացի դիվանագետը:

Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը նույնպես կողմ է Մինսկի ձևաչափի փոփոխությանը:

Դեռ հուլիսի սկզբին Զելենսկին իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին առաջարկել է ԱՄՆ միջնորդությամբ և Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի մասնակցությամբ հանդիպել Մինսկում: Կրեմլը պատասխանել է, թե դեռ ուսումնասիրում է առաջարկը:

«Պետք է հասկանալ, թե արդյո՞ք այդ հանդիպումն ունի հեռանկար, պետք է պարզել, թե ի՞նչ նոր ձևաչափ է առաջարկվում», - ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG