Մատչելիության հղումներ

«Նա փայլուն աշխատանք արեց, անհավատալի էր». զբոսաշրջիկները՝ Փաշինյանի անցկացրած տուրի մասին


Նիդերլանդներից ու Բելգիայից ժամանած զբոսաշրջիկները, որոնց երեկ Երևանում որպես զբոսավար ուղեկցեց Նիկոլ Փաշինյանը, ասում են՝ զարմանքից քարացել էին, երբ տուրիստական ավտոբուսում տեսան անձամբ երկրի վարչապետին:

«Առաջին անգամ եմ այստեղ, բայց վերադառնալու եմ ընկերներիս հետ, անպայման կրկին կգամ», - նշեց զբոսաշրջիկներից մեկը։

Հոլանդացի Բեյա Ֆոնկիլսդունկը պատմեց, թե ինչպես է որոշել գալ Հայաստան․ «Քարտեզով նայում էի, շատ երկրներ եմ այցելել, մտածեցի՝ ի՞նչ անեմ, տեսա Հայաստանն ու Վրաստանը, հիմա ես երջանիկ աղջիկ եմ»։

Զբոսաշրջիկների այս խումբը երեկ ավտոբուսով տուր էր որոշել անցկացնել, նրանք պատկերացում անգամ չունեին, որ իրենց զբոսավարն անձամբ վարչապետն է լինելու:

«Նա փայլուն աշխատանք արեց, անհավատալի էր», - նշեց մեկ այլ զբոսաշրջիկ։

«Ազատության» հարցին՝ պատմելո՞ւ են այս ամենի մասին Նիդերլանդներում, նրանցից մեկը պատասխանեց. «Մենք ապշած էինք, սիրում եմ այս երկիրը, ամեն օր 100-200 նկար էի ուղարկում այստեղից իմ հայրենակիցներին: Հոլանդացիներին զարմացրել է այս երկիրը, շատ գեղեցիկ է»։

Երևանի կենտրոնում մեկ ժամից ավելի տևած շրջայցից հետո վարչապետը անսպասելիորեն բոլորին հրավիրեց կառավարության շենք, այնտեղ էլ ներկայացրեց իր աշխատավայրը, ինչից հետո գինու հյուրասիրություն եղավ, զբոսաշրջիկներն անգամ նվերներ ստացան։

«Հայկական գինի ստացանք։ Խնդրեմ նայեք, հավանու՞մ եք, ես հավանում եմ գինին, կոնյակը, լիկյորները, սիրում եմ այս երկիրը, անչափ շատ», - ասաց Բեյա Ֆոնկիլսդունկը։

Խումբն արդեն հասցրել էր շրջել Հայաստանով, նրանք եղել են Դիլիջանում, Սևանում, Գորիսում. «Շատ եկեղեցիներ տեսանք, դրանցից յուրաքանչյուրը տարբերվում էր մյուսից: Ես Հոլանդիայից տուրիստական խմբեր եմ բերում Հայաստան, ձեզ պիտի ասեմ, որ մարդիկ շատ են հավանում, հաջորդ տարի խմբերն ավելի շատ են լինելու: Բնությունն էլ տեսանք, ամեն ինչ շատ բնական է ու դիպչում է քո սրտին»։

Զբոսաշրջիկների խմբին գրավել է նաև հայկական երաժշտությունը. «Դուդուկը, շատ գեղեցիկ է, արցունքներ են գալիս։ Ընդամենը 5 տարում Հայաստանը թոփ երկիր է դառնալու, անպայման, ամենալավ բաներն եմ մաղթում ձեզ, հաջողություն»։

«Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես է ձեր վարչապետը երիտասարդներին տեղ տալիս և որքան սիրված է ժողովրդի կողմից», - ասաց մեկ այլ զբոսաշրջիկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG