Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի գիտնականներն անհեթեթություն են որակում ԿԳ նախարարության նոր հրամանը


Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի կրթության ու գիտության նախարարությունը նոր հրաման է արձակել, որի նպատակն է սահմանափակել ռուս գիտնականների շփումները արտասահմանցի գործընկերների հետ: Որոշման տեքստը հրապարակվել է գիտական ոլորտին նվիրված "Троицкий вариант" ինտերնետային պարբերականում:

Ըստ այդմ, նախարարությունը խորհուրդ է տալիս ռուս գիտնականներին մեկուսի հանդիպումներ չունենալ օտարերկրյա գործընկերների հետ, նրանց այցերը նախապես համաձայնեցնել Ռուսաստանի կառավարության հետ, բացի այդ՝ արգելել օտարերկրացիներին բջջային հեռախոսներ կամ տեսանկարահանող սարքեր գործածել ռուսական գիտական հաստատությունների տարածքում:

Հրամանը, ըստ հրապարակումների, ստորագրվել է փետրվարի 11-ին և ամիսներ անց՝ հուլիսին միայն ուղարկվել նախարարությանն առընթեր կազմակերպություններ ու կառույցներ: Փաստաթղթի համաձայն՝ նախարարությունը պահանջում է օտարերկրյա գիտնականների հետ ցանկացած հանդիպումից հինգ օր առաջ այդ մասին տեղյակ պահել կառավարությանը, ստանալ վերադասի համաձայնությունը, իսկ հանդիպումից հետո էլ դրա մասին հատուկ հաշվետվություն ներկայացնել, որը հաստատված կլինի կլոր կնիքով: Ընդ որում, հատուկ նշվում է, որ ցանկացած հանդիպման պետք է ներկա լինեն ռուսական կողմի առնվազն երկու ներկայացուցիչներ:

«Սրանք անհեթեթություններ են և չփաստարկված սահմանափակումներ, որոնք կարող են ստվերել մեր երկրի համբավն ու խոչընդոտել գիտատեխնիկական զարգացմանը», - հայտարարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ֆրադկովը:

Գիտական մի շարք աշխատությունների հեղինակը բաց նամակ է հրապարակել, փաստելով՝ ամենապարզ օրինակներն անգամ ապացուցում են այս պահանջների անհնարինությունն ու անիմաստությունը: «Հիմա ինչ է՝ դրսի գործընկերներին էլեկտրոնային նամակ գրելիս կամ նրանց հետ զրուցելիս պետք է ղեկավարության համաձայնությո՞ւնը ստանանք: Իսկ ի՞նչ անենք, եթե միջազգային կոնֆերանս ենք կազմակերպում, օտարերկրյա բոլոր մասնակիցներից դռան մոտ հավաքե՞նք նրանց ժամացույցները, բջջային հեռախոսներն ու պլանշետները», - տարակուսում է ռուս գիտնականը, փաստելով՝ անհեթեթ այդ հրամանը հակասում է նախարարության կանոնադրությանը, ըստ որի՝ այն չի կարող որոշումներ ընդունել, որոնք սահմանափակում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Նորամուծությանն արձագանքել են նաև այլ գիտնականներ՝ զուգահեռներ տանելով այդ փաստաթղթի ու սովետական գրաքննության միջև: «Կոչ ենք անում վերանայել այս անմիտ որոշումը», - հայտարարել են նրանք՝ կոչ անելով պատժել որոշման հեղինակներին:

Ռուսաստանի կրթության ու գիտության նախարարությունն առայժմ այս կոչերին չի արձագանքել և չի պարզաբանել՝ ինչու է նման քայլի գնացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG