Մատչելիության հղումներ

«Եթե Գյուլումյանը բարձր բարոյական կերպարի տեր է, ինչո՞ւ էր հարկատուների հաշվին պահանջում բարձր հավելավճար»․ փաստաբան


Փաստաբան Կարապետ Բադալյան

Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հակադարձում է Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի այն գնահատականին, թե բարոյական չի համարում, որ ՍԴ անդամները հրաժարականի դիմաց մինչև իրենց պաշտոնավարման ավարտը ստանան աշխատավարձ․ - «Ավելի մեծ բարոյական խնդրի առաջ են կանգնած եղել Սահմանադրական դատարանի այն անդամները, ովքեր կեղծված ընտրությունները վավերացրել են իրենց վճիռներով»:

Ալվինա Գյուլումյանը երեկ «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել էր նաև, թե չի կարող նայել 100 հազար դրամ ստացողիների աչքերին, որոնց հարկերի հաշվին ինքը չաշխատելով մինչև իր պաշտոնավարման ավարտը ստանա մոտ 700 հազար դրամ աշխատավարձ:

Այս նախագծի հեղինակը արդարադատության նախարարությունն է: Օգոստոսի 8-ից նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որի անցումային դրույթով, եթե 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական տա, մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակի աշխատավարձ, հավելավճար ստանալ, կպահպանվեն սոցիալական երաշխիքները:

Ալվինա Գյուլումյանի խոսքերից վրդովված Արմեն Խաչատրյանը հիշեցնում է, իր ձեւակերպմամբ՝ ոչ բարոյական գործընթացները, որոնց անմիջական մասնակից է եղել Ալվինա Գյուլումյանը: Գյուլումյանը 2003 թվականից մինչև 2014 թվականը եղել է Մարդու իրավուքների եվրոպական դատարանի դատավոր:

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

«Սովորաբար օրենքները բարձրաստիճան պաշտոնյաների համար սահմանում են կամ մինչև որոշակի տարիք, կամ ցմահ՝ մասնագիտական ստաժից ելնելով, սոցիալական ապահովման միջոցներ: Հիմա եթե վերադառնանք անբարոյականությանը իր նշած, ես ավելի անբարոյական բաներ կար, որ կնշեի: Դրանք Հայաստանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում չքննարկված, խոչընդոտված այն դիմումներն են, մասնավորապես Մարտի 1-ի գործերով: Կուզենայի ավելի նշեի զոհերի կյանքի իրավունքի խախտման գործով․ տարիներ շարունակ այդ գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մնաց, և ի վերջո բացահայտվեց, որ Հայաստանի ներկայացուցչի գործուն մասնակցությամբ են այդ գործերը հետաձգվել: Կուզենայի հիշեցնել Բուզանդի փողոցի գործով մարդկանց մասին, ում բողոքները նույնպես Եվրոպական դատարանում տարիներ ի վեր մնացին, և այդ մարդիկ փողոցներում էին, չէին ստանում իրենց բնակարանի դիմաց սահմանված փոխհատուցումները, որպեսզի բնակարան ունենային ու կարողանային մարդավարի ապրել: Կամ ավելի կարևոր բարոյական խնդրի մասին կուզենայի հիշեցնել: Ալվինա Գյուլումյանի աչքի առաջ տեղի են ունեցել իշխանագողություններ մի քանի անգամ, և ի պաշտոնե ինքը փոխանակ իրավական և բարոյական գնահատականներ տալու, այդ իշխանագողությունները օրինականացրել է Սահմանադրական դատարանի վճիռներով՝ կողմ քվեարկելով դրանց»:

Փաստաբան Կարապետ Բադալյանը տարակուսած է, որ Սահմանադրական դատարանի անդամը նախագծին գնահատականներ է տալիս բարոյականության և հատկապես հարկատուներին խնայելու տեսակետից: Հիշեցնում է, որ դեռևս մեկ տարի առաջ Ալվինա Գյուլումյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի` պահանջելով աշխատավարձի 130 տոկոսի չափով՝ ավել քանի 800 հազար դրամ հավելավճար:

Ըստ Գյուլումյանի, պետք է 1996-ից մինչև 2014 թվականը իր պաշտոնը համարվեր պետական և դրա դիմաց ինքը հավելավճար ստանար: Առաջին ատյանի դատարանը Ալվինա Գյուլումյանի օգտին էր որոշում կայացրել, Վերաքննիչ դատարանը ընդամենը երկու ամիս առաջ ՍԴ անդամի պահանջը համարել է անհիմն և պարտավորեցրել է առաջին ատյանի դատարանին որոշումը բեկանել:

«Չի կարող նայել 100 հազար դրամ ստացողների աչքերին, իսկ ինչո՞ւ էր անցյալ տարի ինքը դիմում վարչական դատարան և փորձում էր իր աշխատավարձին ստանալ հավելավճար ամսեկան 840 հազար դրամի չափով: Ինքը փորձում էր օրենքն այնպես մեկնաբանել, որը ինքը, բացի իր բարձր աշխատավարձից, ստանա նաև հավելավճար: Եթե ինքը այդքան բարձր բարոյական գերազանցության կերպարի տեր է, ինչո՞ւ էր դիմում նման քայլի: Հիմա չի՞ ամաչում, երբ որ նայում է 100 հազար աշխատավարձ ստացող անձանց աչքերին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետ Բադալյանը:

XS
SM
MD
LG