Մատչելիության հղումներ

Խնամատար ընտանիքներ՝ մանկատան փոխարեն


Մանկատնից խնամատար ընտանիք տեղափոխված երեխաները ծնողների հետ, 14-ը օգոստոսի, 2019 թ.

Երեխաներին մանկատներից խնամատար ընտանիքներ տեղափոխելու անհրաժեշտության մասին խոսվում է ավելի քան տասը տարի, բայց մինչև այժմ մանկատներից ընտանիքներ մտած փոքրիկների թիվը ամենաշատը հարյուր է։ Խնամատար ընտանիքների նոր կարգ կառավարությունն ընդունեց երկու ամիս առաջ՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը հույս ունի, որ պրոցեսը կարագանա։

«Ինձ թվում է հիմա շունչ առնելու և թափ առնելու փուլի մեջ ենք», - նշեց Անտոնյանը։

հինգ մարզերում՝ սկսել են իրազեկման աշխատանքները, պետք է գտնել ընտանիքներ, որ կցանկանան խնամատար դառնալ, վերապատրաստել նրանց՝ ի վերջո գործ են ունենալու դժվար երեխաների հետ, ապա առանց խնամքի կամ դժվարության մեջ գտնվող փոքրիկի համար գտնել հարմար ընտանիք։ Այս ամենը կազմակերպվում է պայմանագրով, վերահսկողությամբ և խնամատար ընտանիքին էլ տրվում է գումար։ Միրա Անտոնյանը շեշտում է՝ խնամատար ընտանիքը կենսաբանական ընտանիքին չի փոխարինում, սա մանկատան այլընտրանքն է։

«Խնամատարությունը գալիս է ասպարեզ միայն այն դեպքում, երբ որ կենսաբանական ծնողները որևէ ձևով համաձայն չեն իրենց երեխային պահել՝ ո՛չ աջակցություն են ընդունում, ո՛չ փոխում են իրենց ապրելակերպը, ո՛չ փոխում են իրենց վերաբերմունքը իրենց երեխաներին։ Երբ որ դու ամեն ինչ անում ես, բայց կենսաբանական ծնողն իր ապրելակերպը չի փոխում, միայն այդ դեպքում է աշխատում՝ խնամատարը գալիս է մանկատան փոխարեն», - ասաց ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի ղեկավարը։

Ըստ Անտոնյանի, խնամատարության զարգացման համար ամենակարևոր պայմանը Հայաստանն ունի, մարդիկ են, որոնք այս պահին էլ սպասում են հոգեզավակների։

«Բավական է մի գյուղում, մի համայնքում անել իրազեկում, լիքը մարդիկ ասում են՝ ես պատրաստ եմ։ Սա մեր հրաշալի ֆենոմենն է մեր հասարակության», - ընդգծեց Անտոնյանը։

Վանաձորցի Անահիտ Պետրոսյանը ուղիղ 23 տարի սպասել է բառին, որ հիմա նրա տանն անդադար է հնչում՝ «մամչկա»։ Արթուրը, Ավետն ու Լուսինը այս տուն մտան մեկ տարի առաջ, եղբայրներն ու քույրը մնացել էին առանց խնամքի և նրանց մանկատան ճանապարհին հանդիպեցին ՀՕՖ-ին ու խնամատար հայրիկ, մայրիկը, որ հիմա արդեն առանց նրանց ոչ մի ապագա էլ չեն գծում։

«Ապրում ենք իրանցով, ուրախանում ենք իրանցով, աշխատում եմ իմ երեխաները ոչ մի բանի պակաս չունենան», - ասաց Անահիտ Պետրոսյանը։

Ընտանիքի հետ կնքված խնամատարության պայմանագրում ինչ-որ ժամկետներ են նշված, բայց դրանց ուշադրություն դարձնող չկա. «Ես միայն ծրագրից էդ եմ խնդրել՝ իմ երեխաները մնան իմ մոտ, ես ուրիշ բան չեմ ուզել իրանցից։ Իմ երեխաների պլանները միշտ իմ հետ են, հեռանկարները մինչև խոր ծերություն»։

Սա նաև երեխաների ծրագիրն է, նույնիսկ աղջիկը մտադիր է ամուսնանալ, բայց չհեռանալ։

Եթե հնարավոր է այսպիսի ընտանեկան երջանկություն, ինչո՞ւ են հարյուրավոր երեխաներ շարունակում մնալ հատուկ հաստատություններում: Այս պահին մոտ 600 երեխա է մանկատներում, նրանցից 450-ը հաշմանդամություն ունեն, խնամատարության կարգով հնարավոր է նաև նրանց ընտանիքներում մեծացնել։ Խնամատար ընտանիքին մեկ երեխայի խնամքի համար մոտ 130 հազար դրամ է տրվում, եթե փոքրիկը հաշմանդամություն ունի գումարը 30 տոկոսով ավելի է։ Այս տարվա բյուջեով 94 երեխայի համար գումար է տրամադրվել, առայժմ ընտանիքներ են տեղափոխվել ընդամենը 46-ը։

«Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում, տարին դեռ չի ավարտվել և մենք պլանավորում ենք տարվա վերջում ունենալ բյուջեով նախատեսված թիվը, եթե ոչ ավելի։ Իրազեկության բարձրացման միջոցառումներ ենք նաև իրականացնում, որ մարդիկ հասկանան խնամատար-ծնող դառնալու ինչ ուղիներ կան», - նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի պարտականությունները կատարող Անահիտ Քալանթարյանը։

Սոցապ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի ներկայացուցիչ Անահիտ Քալանթարյանի խոսքով՝ պետության ծրագիրը բոլոր 6 մանկատներն էլ փակելն է, երեխաները պետք է տեղափոխվեն կամ կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ։ Միրա Անտոնյանն էլ կարծում է՝ գործընթացը դանդաղեցնում է նաև նորությունը, մարդիկ գիտեն որդեգրումը, մանկատունը, իսկ պայմանագրով ու որոշակի գումարով խնամք ու սեր տալու մոդելն անծանոթ է։

«Հիմա փողոցում հարցնեք ցանկացած մարդու, եթե հանկարծ երախային իր ծնողները չեն պահում, ուր պիտի գնա այդ երեխան, բոլորը կասեն՝ մանկատուն, որովհետև սովորել ենք, որ դա է ձևը։ Հիմա որպեսզի սովորենք, որ խնամատարն է ճիշտ ձևը, ժամանակ է պետք», - ընդգծեց Միրա Անտոնյանը։

Անահիտ մայրիկի համար կրթությունն առաջին տեղում է, տղաները, երբ այս տուն մտան, դպրոցահասակ էին, բայց տառերն էլ չգիտեին՝ մայրիկը սովորեցրեց։ Կան նաև տղամարդկության դասեր, մի խոսքով՝ երեխաների առօրյան՝ ինչպես ամենալավ ընտանիքներում։

Անահիտը հիմա ծիծաղով է հիշում՝ ամեն տարի ամուսնու հետ, անհավես մի փոքր տոնածառ էին դնում, վերջին իսկական ամանորին ամենամեծ ծառը գնեցին ու անհամբերությունից դեկտեմբերի սկզբին էլ զարդարեցին։

Տան փոքրը՝ Լուսինը փորձում է բացատրել, թե ինչու է սիրում մայրիկին, որին հանդիպել է կյանքի վեցերորդ տարում. «Սիրուն ա, դրանից ա լավը ու լավն ա ինքը, մեզ սիրուն հագցնում ա, տեղ ա տանում, մեզ սիրում ա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG