Սպիտակ ծովի մոտ գտնվող փորձադաշտում միջուկային առեղծվածային պայթյունից օրեր անց հետզհետե բացահայտվում են տեղի ունեցածի մանրամասները:
Վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ, փորձագետները միջադեպը կապում են «Բուրեվեստնիկ» ռուսաստանյան թևավոր հրթիռի փորձարկման հետ:
Ռուսաստանի Արխանգելսկի մարզում տեղի ունեցած վթարին անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ Թվիթերում գրելով, որ այն մարդկանց ստիպել է մտահոգվել օդի աղտոտվածության մասին՝ ոչ միայն փորձադաշտի մոտ, այլև դրանից անդին:
Դատելով Սպիտակ տան ղեկավարի թվիթերյան գրառումից՝ մասնագետները ենթադրում են, որ Վաշինգտոնը պարզել է անցած հինգշաբթի պայթած զենքի տեսակը, որը Սևերոդվինսկում հանգեցրել է ռադիացիոն ֆոնի բարձրացման: Խոսքը հենց «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի մասին է, որը ՆԱՏՕ-ն բնորոշել է որպես Skyfall, և որը, ինչպես ենթադրվում է, ունի միջուկային շարժիչ և կարող է կրել միջուկային զենք: Սա հենց այն սպառազինությունն է, որն անցյալ տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացնում էր որպես իր տեսակի մեջ ամենազոր մի երևույթ՝ Միացյալ Նահանգների հետ սպառազինության մրցավազքում:
Այն, որ միջադեպը կապված է հրթիռային զենքի և միջուկային էներգետիկ սարքավորումների հետ, հաստատել են նաև ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները: Այդուհանդերձ, վթարի մասին հանրությանը կցկտուր տեղեկություններ են տրամադրվել: Վթարից մեկուկես օր անց ռուսաստանյան պաշտոնական մարմինները հայտնել են, որ փորձարկված հրթիռն ուներ նաև միջուկային էներգիայի աղբյուր: Ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությունը այդ մասին պատմել է ավելի ուշ՝ կիրակի երեկոյան լրատվական թողարկումների ընթացքում, լուրը թաքցնելով կեսրոպեանոց հաղորդագրության ետևում․ մինչ այդ Սևերոդվինսկի բնակիչներն արդեն յոդ էին ձեռք բերել տեղական դեղատներից:
Ռուսաստանյան անկախ մամուլը նկատում է, որ հինգշաբթի երեկոյան Մոսկվայում ընդհատվել է բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը՝ երեկոյան ժամը 8-ից սկսած, և մոտ մեկ ժամ մարդիկ հետևում էին Արտակարգ իրավիճակների նախարարության նախազգուշական հայտարարություններին: Դրանցում, մասնավորապես, մարդկանց հորդորում էին մնալ իրենց տներում: Պաշտոնական մարմինները, այդուհանդերձ, նշում են, որ դրանք ընդամենը ընթացակարգային քայլեր էին, որոնք պետք է արվեին:
Արխանգելսկի մարզի իշխանությունները պնդում են, որ որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, մինչդեռ տակավին հայտնի չէ, թե բացի հինգ մարդկային զոհից՝ եղե՞լ են արդյոք այլ կորուստներ, ի՞նչ վնաս է հասցվել շրջակա միջավայրին:
Պայթյունի վայրին մերձակա Նունոկս գյուղի բնակիչներին նախօրեին կոչ են արել լքել բնակավայրը՝ հայտարարելով, որ փորձադաշտում որոշ աշխատանքներ են իրականացվում: Քիչ անց ռուսաստանյան լրատվական գործակալությունները հայտնել են, որ ռազմական միջոցառումները, որոնց պատճառով մարդիկ պետք է տարհանվեն, չեղարկվել են:
Սևերոդվինսկի բնակիչներն ասում են՝ մինչ օրս չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել և որքանով են լայնածավալ ռադիացիոն արտանետումները: «Ազատության» Current Time հեռուստանախագծի հետ զրույցում Սևերոդվինսկի բնապահպաններից Ալեքսեյ Կլիմովը պնդել է․ - «Տեղի ունեցածը հանցագործություն է․ ես այդ բառի պատասխանատվությունն իմ վրա եմ վերցնում՝ դա հանցագործություն էր: Սևերոդվինսկի բնակչության թիվը 185 հազար է, Արխանգելսկում՝ 350 հազար: Մենք հրաշալի փորձադաշտեր ունենք Կարայան ծովում, Բարենցի ծովում, այնտեղ է պետք իրականացնել, ոչ թե Սևերոդվինսկից 30 կիլոմետր հեռավորության վրա»: