Պարզվել են քաղաքացիներին վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Ըստ հաղորդագրության, քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ բնակչությանը վարկերի տրամադրման ծառայություններ մատուցելու պատրվակով ստեղծվել են մի շարք կազմակերպություններ, որոնք գործել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում և համացանցում varkov.am, varks.am հղումներով ծառայություններ են գովազդել, մինչդեռ պարզվել է, որ նշված կազմակերպություններն իրականում վարկային կազմակերպություններ չեն. երբ անձը դիմել է նրանց, ընկերության ներկայացուցիչն անձին ուղեկցել է որևէ տեխնիկայի կամ շինանյութի խանութ և միջնորդ է հանդիսացել նրա անվամբ ապառիկով ապրանքներ ձեռք բերելու հարցում, որից հետո հայտնել են, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է ձեռք բերել խանութից գնված ապրանքները՝ վճարելով դրա արժեքի 65 տոկոսը: Ստանալով ապրանքները՝ խաբեությամբ քաղաքացիներին ամբողջությամբ կամ մասնակի չեն վճարվել այդ գումարները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ կազմակերպության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի [Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը] 2-րդ մասով (24 դրվագ), Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի [Խարդախությունը] 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով (6 դրվագ), Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով (4 դրվագ): Վարկերի տրամադրման համար կեղծ տեղեկանք տրամադրող ընկերությունների տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի [Կեղծ ձեռնարկատիրությունը] 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով /15 դրվագ/, մյուս 4-ին՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
«Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է բնակչությանը զերծ մնալ նման գործարքներ կատարելուց, քանզի անձինք, իրենք իսկ համաձայնելով կատարել նման գործարքներ, ներքաշվում են հանցավոր սխեմայի մեջ, և վարկային ծառայություններ ձեռք բերելու համար դիմել միայն լիցենզավորված կազմակերպություններին»,- ասված է հաղորդագրությունում: