Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, նշելով, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա Պատրուշևի առաջին այցն է Հայաստան, Փաշինյանն ասել է, որ այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները և բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները:

Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջև համագործակցությունը՝ հայ-ռուսական ռազմավարական կապերի շարունակական զարգացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահի և վարչապետի ողջույնները և նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, հանդիպումներ ունենալ ՀՀ վարչապետի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:

Նա արդյունավետ է համարել ՀՀ ԱԽ քարտուղարի հետ կոնսուլտացիաները, որոնց ընթացքում, Պատրուշևի խոսքով, քննարկվել են անվտանգության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում ՀՀ-ՌԴ փոխգործակցությանը:

Պատրուշևը նաև տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաք, և Հայաստանը, ինչպես միշտ, հաստատել է իր մասնակցությունն այդ հավաքին:

ՀՀ վարչապետը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման և կայունության ապահովման հարցի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG