Մատչելիության հղումներ

Մի խումբ կանայք Պլասիդո Դոմինգոյին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ


Աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգո, արխիվ

Մի խումբ կանայք իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին ութ երգչուհի և պարուհի պատմել են Associated Press գործակալությանը, նրանցից միայն մեկն է համաձայնել ներկայանալ՝ Պատրիսիա Վուլֆը:

Կանանց խոսքերով՝ իրենք Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել պարբերաբար՝ 1980-ականներից ի վեր․ նա խոստացել է դերեր, իսկ երբեմն էլ «պատժել է, երբ մերժել են»:

Եվս առնվազն վեց կանայք խոստովանել են, որ երգչից անվայելուչ առաջարկություններ են ստացել, տասնյակ անձինք՝ օպերային ոլորտից, հայտարարել են, թե ականատես են եղել դերասանի անպատշաճ պահվածքի:

Գործակալությունը նշում է, որ կանանցից և ոչ մեկը չի կարողացել մեղադրանքը հիմնավորող իրեղեն ապացույց ներկայացնել:

Դոմինգոն սեռական ոտնձգությունների մեղադրանքի վերաբերյալ լրատվամիջոցի հարցերին չի պատասխանել: «Ես ենթադրել եմ, որ մարդկանց հետ իմ գործակցությունը և հարաբերությունները միշտ ողջունվել և համաձայնեցված են եղել: Մարդիկ, ովքեր գիտեն ինձ կամ աշխատել են ինձ հետ, տեղյակ են, որ ես նրանցից չեմ, ով դիտավորյալ մեկին վնասում է, նեղացնում կամ շփոթեցնում», - գործակալության հետ զրույցում ասել է իսպանացի երգիչը, ով ավելի քան 50 տարի է բեմի վրա է և 14 անգամ արժանացել է «Գրեմմի»-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG