Մատչելիության հղումներ

Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը դյուրացնող հրամանագիր է ստորագրել


Ուկրաինայի անձնագիր, արխիվ
Ուկրաինայի անձնագիր, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով դյուրացվում է ուկրաինական քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:

Փաստաթղթի համաձայն՝ ուկրաինական քաղաքացիություն ստանալու հնարավորություն է տրվում Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր «քաղաքական համոզմունքների համար հետապնդումների են ենթարկվում»: Բացի այդ՝ ուկրաինական անձնագիր կարող են ստանալ նաև արտասահմանցիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ապահովել են Ուկրաինայի պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը:

Նախագահական որոշումը հեշտացնում է քաղաքացիության տրամադրումը էթնիկ ուկրաինացիներին Կիևի համար բարեկամական երկրներից, նաև այն անձանց, ովքեր իրենց երկրներում բախվում են իրավախախտումների և ազատության հետ կապված խնդիրների:

Զելենսկին փաստաթուղթն ստորագրել է մի քան ժամ անց այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ ընդլայնել է Ուկրաինայի քաղաքացիների ցանկը, որոնք դյուրացված կարգով կարող են ռուսաստանյան քաղաքացիություն ստանալ:

Ապրիլին Պուտինի մեկ այլ հրամանագրով դյուրացվել է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու գործընթացը, որն այսուհետ կտևի ընդամենը երեք ամիս՝ դիմելու պահից սկսած: Կիևն ու Արևմուտքը խստորեն քննադատել են Ռուսաստանի նախագահի հրամանագիրը՝ այն անվանելով սադրիչ քայլ։ Երեք ամսվա ընթացքում ռուսաստանյան անձնագիր է ստացել Դոնբասի 7 հազար բնակիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG