Մատչելիության հղումներ

Չնայած բնապահպանների ահազանգերին, Գյումրիում դելֆինարիում բացվեց


Արխիվային լուսանկար

Չնայած բնապահպանների ահազանգերին, ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանը Գյումրիում մի քանի օր առաջ դելֆինարիում բացեց: Երկու դելֆինները՝ 12-ամյա Սաշան ու 9-ամյա Քսյուշան, նախ Սոչիից Իրանի Թավրիզ քաղաք են տեղափոխվել, հետո՝ Գյումրի: Դելֆիններին կընկերակցի նաև ծովակատու Զայան: Դելֆինների հետ աշխատելու է ռուսաստանցի վարժեցնողը, նաև բժիշկ է հրավիրվել ու ջրի մասնագետ:

«Դելֆինոթերապիա» ՍՊԸ տնօրեն Թորգոմ Գևորգյանը պնդում է՝ անհրաժեշտ պայմանները ստեղծված են, որ դելֆիններն իրենց Գյումրիում լավ զգան:

«Բացի այս լողավազանից մենք ունենք մեր ռեզերվային լողավազանը, որտեղ այս կենդանիները իրենց հատուկ մշակումը անցնեն հատուկ լողավազանում։ Պրոցեդուրաներ կան, որոնք հատուկ լողավազաններում են անցնում, մեկը մյուսից մեկուսացնելու խնդիրը կա։ Ամեն ինչ արված է, որպեսզի իրենք իրենց լավ զգան։ Բոլոր պայմանները միջազգային ստանդարտներին համապատասխան, որոնք որ պետք են ժամանակակից դելֆինարիումի համար, ապահովված է այստեղ։ Ինչո՞ւ Հայաստանում, ինչո՞ւ Գյումրիում՝ Գագիկ Պետրոսյանի մեկնաբանությամբ, սա իրեն ներդրումն է հարազատ քաղաքի համար, դեռ ուշացած, որովհետև Գյումրիի ժողովուրդը ստրեսից դուրս գալու, Գյումրիի ժողովուրդը հոգեբանորեն կուզենար շփվել դելֆինների հետ, երևի բոլորին հայտնի է, թե ինչպես ընկճախտից են հանում դելֆինները մարդկանց», - նշեց Գևորգյանը։

Սա ծնունդով գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանին պատկանող յոթերորդ դելֆինարիումն է: Մինչ այդ Ռուսաստանում ու այլ երկրներում է բացել դելֆինարիումներ: Այնինչ բնապահպաններն ու կենդանասերները դեմ են առհասարակ դելֆինարիումների բացմանը, շատ երկրներում նրանց պայքարի արդյունքում դելֆինարիումները փակվում են: Մի շարք երկրներում, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում, Չիլիում, Ավստրալիայում, դելֆինարիումներն ընդհանրապես արգելված են օրենքով: Երևանում ևս՝ երկու տարի գործունեություն ծավալած դելֆինարիումը փակվեց 2013 թվականին՝ բնապահպանների տևական բողոքի ակցիաներից հետո: Բնապահպանները պնդում էին, որ դելֆինները պահվում էին ոչ պատշաճ պայմաններում և կուրանում քլորաջրից:

Գյումրիի դելֆինարիումի մասին իմացան, երբ հենց գործարարը Գյումրիում կայացած բիզնես ֆորումի ժամանակ էկոնոմիկայի նախարարին ներկայացրեց ծրագիրն ու ասաց, որ գազը թանկ է, գուցե ձմեռվա ամիսներին ինչ-որ զեղչային տարբերակ գործի: Բնապահպաններն ու կենդանասերները դրանից հետո հավաքվեցին ու իրենց դժգոհությունը հայտնեցին, թե ինչո՞ւ է գաղտի պայմաններում Գյումրիում դելֆինարիումը կառուցվել: «Դելֆինոթերապիա» ՍՊԸ տնրօեն Թորգոմ Գևորգյանը կենդանասերներին ու բնապահպաններին հրավիրում է գալ, իրենց աչքով տեսնել, թե ինչ պայմաններում են պահվում դելֆինները:

«Մի տեղ ասվում էր, որ կենդանիները անազատության մեջ չպետք է մնան, կենդանիների համար պետք է ապահովվեն նորմալ պայմաններ: Ուրեմն, ի սկզբանե ասեմ, որ այս կենդանիները արհեստական պայմաններում ծնված կենդանիներ են, 25 տարուց ավել ասում եմ այս բիզնեսի մեջ հիմնադիրը կա, և այս կենդանիները, որոնց որ հիմա տեսնում եք, վերարտադրված են ակվարիումում, պատկերացրեք՝ ակվարիումի ձուկը գցում ես ծովը, նա չի կարող այդ միջավայրում ապրել», - ասաց Գևորգյանը։

«Ազատության» հարցին՝ որքանո՞վ է դելֆինարիումը հասանելի գյումրեցիների համար, նա պատասխանեց. «Իմ պատկերացմամբ՝ մատչելի է, քանի որ տոմսի արժեքն է 3000 դրամ, մինչև երեք տարեկան երախաների համար մուտքը անվճար է։ Այնտեղ մենք զեղչային համակարգ ունենք նաև»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG