Մատչելիության հղումներ

Սեպտեմբերից Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կլինի հայազգի Ալան Անդրանիկ Գոգբաշյանը


Առաջիկա սեպտեմբերից Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը կլինի հայազգի Ալան Անդրանիկ Գոգբաշյանը: 45-ամյա դիվանագետը ծնվել և կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, սակայն փայլուն խոսում է հայերեն և մինչև դեսպանի պաշտոնում նշանակվելը բազմիցս է եղել Հայաստանում, քաջածանոթ է հայկական մշակույթին ու պատմությանը: Համենայնդեպս, դա են պնդում նրա հայաստանցի ծանոթներն ու ընկերները:

Պաշտոնական փաստաթղթերը փաստում են՝ Ալան Անդրանիկ Գոգբաշյանը 2001 թվականին ստացել է անգամ Հայաստանում կեցության հատուկ կարգավիճակ:


Միացյալ Թագավորության դեսպանատունը առայժմ այս տեղեկությունները չի հաստատում, բայց և չի հերքում․ դիվանագիտական առաքելությունում դեռ սպասում են նոր ղեկավարի հետ հանդիպմանը:

«Սա առաջին դեպքն է, որ հայազգի դիվանագետը Հայաստանում դեսպան է լինելու»,-հայտարարել է Սփյուքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունում Գոգբաշյանն աշխատանքի է անցել 2008-ից, և երեք տարի անց արդեն ստանձնել Մարոկոյում Միացյալ Թագավորության փոխդեսպանի պաշտոնը, այդուհետ ղեկավարել մի քանի դեպարտամենտներ, աշխատել այն երկրների հետ, որոնք անցումային փուլում են գտնվել:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, Հայաստանում նրան դեսպան նշանակելիս առաջնային դեր է խաղացել հենց այդ փորձառությունը․ «Ես կարծում եմ՝ նրան այստեղ նշանակեցին հենց այն պատճառով, որ մեր երկիրը նման է այդ երկրներին, քանի որ այդ երկրները բավական ծանր անցումային փուլ են անցել։ Շատերը շարունակում են այդ անցումային փուլը, մենք անցնում ենք կոմունիստական կամ սոցիալիստական համակարգերից դեպի ազատ շուկայական համակարգ, ժողովրդավարություն, այդ երկրները ապագաղութացման ճանապարհով էին անցում կատարում դեպի ազատ դեմոկրատական երկրներ։ Իմ կարծիքով՝ նրա այդ փորձը իրենք ուզում են այստեղ օգտագործել»։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից «Ազատությանը» փոխանցեցին՝ Մեծ Բրիտանիայի առաջնային խնդիրն է աջակցել Հայաստանին, որպեսզի այն ամրապնդվի՝ որպես ժողովրդավարական, բարգավաճ և ամուր երկիր:

Դեսպանատան հաղորդագրությունն ընդգծում է, որ թավշյա հեղափոխությունից հետո Միացյալ Թագավորությունը ավելացրել է աջակցությունը Հայաստանի ներքին բարեփոխումներին․ «Մենք աջակցեցիք անցած դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրություններին, այժմ էլ մեր աջակցությունը կենտրոնացնում ենք հայաստանյան ինստիտուտների հզորացման վրա, ինչը առանցքային նշանակություն ունի Հայաստանի երկարատև զարգացման համար», - փոխանցում է Բրիտանական դեսպանատունը՝ հավելելով՝ ի թիվս այլ ծրագրերի, Միացյալ Թագավորությունը աջակցում է հայաստանյան նորընտիր խորհրդարանին, զինված ուժերին ու կրթական համակարգին:

Վերջին տարիներին աշխուժացել են նաև հայ-բրիտանական տնտեսական կապերը, 2017-ին առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկսով, 2018-ին՝ 17:

«Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը էլ ավելի մեծ աճի ներուժ է տեսնում, և մենք աշխատում ենք բրիտանական ընկերությունների և հայաստանյան ոլորտների հետ՝ քաջալերելու ավելի մեծ բրիտանական առևտուր և ներդրումներ», - «Ազատությանը» փոխանցել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, հավելելով՝ հաշվի առնելով այդ ջանքերը, ինչպես նաև մեծ աջակցությունը Հայաստանի կառավարությանը՝ արդյունավետ բիզնես միջավայր ստեղծելու հարցում, «մենք լավատես ենք, որ Հայաստանի և Բրիտանիայի միջև ատևտրատնտեսական կապերը էլ ավելի կամրապնդվեն»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, դրան կարող է նպաստել նաև Մեծ Բրիտանիայի ապահարզանը Եվրամիությունից․ «Այդ կապերը, որ Եվրամիության հետ հիմա իրանք խզում են, դա լուրջ հետևանքների կբերի տնտեսական ոլորտում։ Նրանք պետք է այլ ճանապարհներգտնեն փոխհատուցման...Հիմա առանձին մեր շուկան փոքր է։ Բայց ԵԱՏՄ-ի շուկայի կոնտեքստով կարող ենք ինչ-որ հետաքրքրություն առաջացնել»։

Ի դեպ, նորանշանակ դեսպան Ալան Անդրանիկ Գոգբաշյանը մինչ Հայաստան ուղևորվելը ուղիղ մեկ տարի Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունում ռուսաց լեզվի դասընթացներ է անցել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա Հայաստանում դիվանագիտական առաքելությունը կսկսի մի քանի շաբաթից՝ այդ պաշտոնում փոխարինելով տիկին Ջուդիթ Ֆարնուորթին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG