Մատչելիության հղումներ

Մուշեղ Սաղաթելյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու միջնորդություն ներկայացվեց


Մուշեղ Սաղաթելյան, արխիվ:
Մուշեղ Սաղաթելյան, արխիվ:

2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի գործով նոր քննությանն այսօր նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդություն ներկայացրեց՝ պարզելու, թե արդյոք Սաղաթելյանի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատական նիստերին։

Սաղաթելյանը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում, և, ինչպես դատարանում ասաց Սեդա Սաֆարյանը, ի վիճակի չէ մասնակցել դատական նիստերին․ - «Սակայն, կարծում եմ, որ դրա համար բժշկի կարծիք է պետք, որպեսզի հաստատի այս հանգամանքը: Հետևապես դատարանը պետք է նշանակի դատաբժշկական փորձաքննություն»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը, միանալով միջնորդությանը, ասաց, որ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հիմքերն առկա են։ Փորձաքննություն նշանակելու համար փորձագետին առաջադրեց հետևյալ հարցերը․ - «Առկա՞ է արդյոք որևէ հիվանդություն, առկայության դեպքում ի՞նչ հիվանդություններ են դրանք, առկա հիվանդությունների պայմաններում ամբաստանյալը կարո՞ղ է մասնակցել արդյոք դատական քննության, թե ոչ, եթե կարող է մասնակցել, ի՞նչ տևողությամբ»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը։

Սաղաթելյանի գործը Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտված ընդդիմադիրներին արդարացնելու պահանջով առաջին գործն է: Ավելի վաղ Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել էր Սաղաթելյանի գործով Երևանի քրեական դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009 թվականներին կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու գլխավոր դատախազի բողոքը։ Վճռաբեկը բեկանել էր դրանք՝ գործն ուղարկելով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Իսկ դրանից առաջ էլ՝ 2018-ի սեպտեմբերին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացված վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումներ:

Եվրոպական դատարանը, մասնավորապես, արձանագրել, որ խախտվել են խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքները:

Նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար:

Դատավարության ողջ ընթացքում Սաղաթելյանը չէր ընդունել առաջադրված մեղադրանքները: Ազատ է արձակվել վաղաժամկետ՝ 2010-ի նոյեմբերին:

Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց. - «Վերջապես ճշմարտությունը պետք է լինի, որ իմ հայրը հանցագործ չէր, որ իմ հորը դատել են, ֆիզիկական բռնության են ենթարկել, ծեծելով ու ջարդելով փորձել են էդ մարդուն կոտրել, տեսել են չի ստացվել․․․ Ես կգերադասեի, որ իմ հայրը առողջ լիներ, ստեղ անձամբ ներկա լիներ, թող էդ վճիռն էլ չլիներ: Ինչ որ մխիթարություն կարող է լինի, որ վերջապես տասը տարի հետո հաղթեց արդարությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG